News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ադրբեջանում հունիսի 21-ին ձերբակալված  թալիշական «Tolishi Sado» («Թալիշի ձայնը») թերթի եւ կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան  Գիլալ Մամեդովը  աղմկահարույց «Давай, до свидания» տեսահոլովակի հեղինակն է: Այս մասին, այսօր` հունիսի 22-ին, հաղորդել  են Ռուսաստանի լրատվամիջոցները:

ՆՏՎ հեռուստաընկերությունը իր «Давай, за решетку». սուպերհիթի հեղինակը  հրաժեշտ է տվել իր ազատությանը» խորագրով ռեպորտաժում  նշում է, որ ձերբակալված է մի մարդ, ով աշխարհահռչակ է դարձրել թալիշական մեյխանան:

Գիլալ Մամեդովի շնորհիվ, «Ты кто такой? Давай, до свидания» արտահայտությունը թեւավոր է դարձել համարյա ամբողջ հետխորհրդային  տարածքում: Այն  հայտնվում էր ընդդիմության զանգվածային հանրահավաքներում, երեւում Քննչական հանձնաժողովի մոտ կազմակերպված պիկետներում եւ նույնիսկ եռման կետի էր հասցրել Տիմատի-Կիրկորով վեճը, նշում է հեռուստաընկերությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 21-ին Մամեդովի մտերիմները պատմել են, որ նա տնից դուրս է եկել  առավոտյան 10-ին եւ գնացել հիվանդանոց` հարազատին այցելելու: Մամեդովը ժամը 11.30-ին զանգահարել է տուն, ասելով, որ  կվերադառնա 30 րոպեից: Դրանից հետո նա անհետացել է: Հեռախոսազանգերին  ժամը 14.00-15.30-ին պատասխանում էր  անծանոթ տղամարդու ձայնը, ով  ասում էր, որ Գիլալ Մամեդովը չի կարող մոտենալ հեռախոսին, նա բժշկի մոտ է: Ժամը 15.30-ից հետո բջջայինը անջատված է եղել: ժամը 16.20-ին մոսկովյան համարից զանգին ի պատասխան (զանգում էր Գիլալ Մամեդովի  եղբայրը) հայտնել են, որ Գիլալը ձերբակալված է ոստիկանության կողմից եւ ոչ մի բացատրություն չեն տվել: Միայն ժամը 17.30-ին  մայրաքաղաքի ոստիկանությունում  հաստատել են  Մամեդովի ձերբակալությունը թմրանյութերի անօրինական  պահպանության համար մեղադրանքով:

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը դա գնահատել է որպես  ճնշում քաղաքացիական ակտիվիստի վրա եւ իշխանություններից պահանջել անհապաղ ազատ արձակել Մամեդովին:

Կամակերպությունը նաեւ հիշեցնում է, որ 2008 թ.  փետրվարին նույնկերպ ձերբակալվել էր «Թալիշի սադո» թերթի նախկին խմբագիր, պրոֆեսոր Նովրուզալի Մամեդովը: Հետագայում նա  դատապարտվել էր  10 տարվա ազատազրկման` Իրանի օգտին լրտեսության համար եւ մահացել բանտի հիվանդանոցում` խոշտանգումների հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ