News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մանկական «Նոր ալիք– 2011» մրցույթի հաղթող, «Կոմսոմոլսկայա գազետա» թերթի վարկածով «Տարվա մարդ», մանկական  «Եվրատեսիլ– 2009»-ի մասնակից  Անդրանիկ Ալեքսանյանը, ով Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքից է, 14 տարեկանում արդեն մենահամերգով է հանդես գալիս: Հաղթահարելով ծանր հիվանդությունը  (նա տառապում է ոսկորների աճի արատով– խմբ.), տղան անշեղորեն գնում է դեպի իր երազանքը` երգել մեծ բեմի վրա:

Անդրանիկը Հայաստան եկել է  որպես հատուկ հյուր` մասնակցելու Ազգային մանկական մրացանակաբաշխությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ներկայացրեց իր ապագա ծրագրերը,  խոսեց երաժշտական նախասիրությունների եւ շատ այլ բաների մասին.

Հիմա քեզ մոտ դեռահաս տարիքի ձայնային մուտացիայի շրջան է: Թույլ տալի՞ս են երգել: Որքան գիտեմ, բավականին հագեցած ժամանակացույց ունես:

Այո, մուտացիան կշարունակվի եւս 4 ամիս, հետո ամեն ինչ տեղը կընկնի: Երգել կարելի է, բայց ոչ շատ` ձայնալարերը չծանրաբեռնելու համար: Իմ ժամանակացույցը բավականին հագեցած է: Այստեղից պետք է մեկնեմ Լատվիա, հետո` Իտալիա:

Դու բազմաթիվ մրցույթների ես մասնակցել: Ո՞րն է քեզ համար առավել նշանակալի եղել:

Միանշանակ` «Նոր ալիքը»: Նույնիսկ մասնակցությունը մանկական Եվրատեսիլին այդքան նշանակալից չէր: Այնտեղ ես գրավեցի 4-րդ տեղը,  եւ այդ ամենը շատ արագ կարծես մոռացվեց: Իսկ «Նոր ալիքից» հետո ես շատ հրավերներ սկսեցի ստանալ: Մասնակցությունն այդ բոլոր մրցույթներին ինձ փորձ եւ ընկերներ է տվել:

Ինչպե՞ս ես կազմում երգացանկդ:

Ինձ դուր է գալիս էստրադան, դասկան երաժշտությունը, մեծ դիապազոնով երգերը, որտեղ կարելի է ցույց տալ ձայնը: Երգում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Չեմ սիրում ռոք:

Բազմիցս հայտարարել ես, թե կցանկանայիր երգել «Լա Սկալայում»: Քո ծրագրերը դեռ արդիակա՞ն են:

Այո, հնարավոր է, իմ երազանքը շուտով իրականություն դառնա: Հաջորդ տարի ավարտում եմ 9-րդ դասարանը, այնպես որ ժամանակն է որոշել, ինչ պետք է անել: Նախկինում ցանկանում էի ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան, սակայն, այնուամենայնիվ, որոշեցի սովորել Իտալիայում: Հիմա սովորում եմ երաժշտական դպրոցում: Տեսնենք, ինչպես կստացվի:

Դու երգ ունես, որը կոչվում է «Երկու հայրենիք»: Ի՞նքդ ես հեղիանկը, ի՞նչ ես ցանկացել դրանով ասել:

Այո, հեղինակը ես եմ: Ցանկացել եմ ասել, որ իմ հարենիքը համարում եմ Ուկրաինան եւ Հայաստանը,  եւ որ ոչ մեկը հնարավոր չէ մոռանալ: Իմ հասկացությամբ հայրենիքն այն է, որտեղից ծնողներդ են: Հայրս Հոկտեմբերյանից է, մայրս` Ուկրաինայից, թեեւ լեհական ծագում ունի:

Նշիր աշխարհում ամենասիրած եւ չսիրած բաները...

Սիրում եմ կենդանիներ: Պաշտում եմ իմ Բոբիկին, նա յորքշիրյան թերիեր է, եւ շատ եմ սիրում հետը ժամանակ անցկացնել: Չեմ սիրում կեղծավորությունը:

Դու արդեն ունա՞կ ես ճանաչել կեղծավորությունը: Ինչպե՞ս:

Այո, ես անգամ հեռվեց եմ զգում, երբ մարդն անկեղծ չէ, երբ ոչ ոքի մասին չի մտածում, բացի իրենից:

Ինչպե՞ս են գործերը դպրոցում: Դու անհատական ծրագրով ես սովորում, այնպես չէ՞:

Ամեն ինչ նորմալ է, սովորում եմ կամաց-կամաց: Չեմ սիրում պատմությունը:

Գիտեմ, որ «Նոր ալիքում» հաղթանակից հետո ռուսաստանյան եւ ուկրաինական էստրադայի որոշ աստղեր քեզ հովանավորում են: Ո՞ւմ հետ ես առավել մոտ, ո՞վ է քեզ խորհուրդներ տալիս, օգնում:

Այո, Ֆիլիպ Կիրկորովն ինձ աջակցում է: Մի քանի օր առաջ ես հանդես եկա նրա հոր` Բերդրոս Կիրկորովի հոբելյանի ժամանակ: Ֆիլիպն ինձ խորհուրդներ է տալիս ոչ միայն կատարողական վարպետության, այլեւ կյանքի, շոու-բիզնեսի մասին ընդհանրապես: Համերգների ժամանակ մշտապես հանդիպում եմ Անի Լորակին: Նա նույնպես խորհուրդներ է տալիս:

Ո՞րն է այն կարեւոր խորհուրդը, որ ստացել ես նրանցից:

Մի անգամ Անի Լորակն ինձ ասաց, որ պետք է լինել այնպես, ինչպես կաս: Ես շատ  թանկ եմ համարում այդ խորհուրդը եւ հետեւում եմ դրան:

Հասկանո՞ւմ ես, թե ինչ է շոու-բիզնեսը:

Կեղտոտ բան:

Եվ դու, այդուհանդերձ, ցանկանո՞ւմ ես դրա մաս դառնալ:

Ոչ այնքան, բայց ստիպված կլինեմ: Ցանկանում եմ երգել, հանդես գալ հանդիսատեսի առջեւ: Արդեն այնպիսի ճանապարհ է գցված, որ չեմ կարող ռելսերից դուրս գալ: Ես երազում եմ մեծ բեմի մասին:

Դու չունե՞ս այնպիսի տպավորություն, որ շոու-բիզնեսում դու հետաքրքիր կլինես այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանան քեզնով գումար աշխատել:  Չե՞ս վախենում, որ քեզ կարող են օգտագործել ու դեն նետել:

Վախենում եմ... բայց նման բան չի լինի: Ես առաջ կգնամ մինչեւ վերջ:

Ո՞ւմ վրա ես հույսդ դնում:

Միայն իմ եւ ծնողներիս:

Իսկ Կիրկորո՞վը:

Դե, նաեւ նրա վրա, նա ինձ օգնում է:

Դու պետք է Գերմանիայում եւ Սանկտ Պետերբուրգում բժշկական հետազոտություն անցնեիր: Ի՞նչ նորություններ կան, ի՞նչ կանխատեսումներ են անում բժիշկները:

Պետերբուրգում հետազոտվել եմ: Բժիշկները երաշխիք չեն տալիս, որ վիրահատությունից հետո սայլակին գամված չեմ մնա: Նրանք կարող են երկարացնել վերջույթները, սակայն թաթի չափը փոխել հնարավոր չի լինի: Բայց առանց երաշխիքի վիրահատության չեմ գնա: Գերմանիա չեմ գնացել: Կլինիկայում մնալը կարժենա օրական 20000 եվրո, իսկ այնտեղ պետք է մնալ առնվազն  երկու շաբաթ: Առաժմ այդպիսի գումարներ մենք չունենք:

Ի՞նչ կդառնաիր, եթե չընտրեիր երաժշտի կարիերան:

Միայն երաժիշտ, ուրիշ ոչինչ:

Հաճա՞խ ես Հայաստան այցելում:

Ոչ, վերջին անգամ այստեղ եղել եմ 11 տարի առաջ, սակայն հաճույքով կգամ, եթե հրավիրեն: Թեեւ առանց դրա էլ այցելելու եմ Հոկտեմբերյանում բնակավող տատիս ու պապիս:

Ինչ-որ բան ասա քո հայ հանդիսատեսին: Այստեղ քեզ շատերն են ճանաչում, ցավում են քեզ համար:

Ցավել ես ինքս էլ կարող եմ (ծիծաղում է), շնորհակալ եմ, թող բոլորն առողջ լինեն: Ինձ շատ հաճելի է, ես չեմ հիասթափեցնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ