News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ:

Պարոն Գաբրիելյան, կառավարության գործունեության ծրագրի հիմքում դրված է 5-7% տնտեսական աճը: Բայց Համաշխարհային բանկի գնահատականով` Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2012 թ. համար իջեցվել է մինչեւ 4.1%, իսկ ընդդիմությունն ավելի բարձր աճի ակնկալիքներ ունի: Ինչպե՞ս եք հանգել 5-7 % աճի ցուցանիշին:

Իրականում աճի այդ ցուցանիշը համարում ենք հավակնոտ, քանի որ տարածաշրջանային զարգացումների ամենավերին մակարդակին է համապատասխանում: Համաշխարհային տնտեսությունում աճը 2-3% է, մեր տարածաշրջանում` 4-6%:

Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ կառույցների հետ քննարկումներում  մեր բազային աճը դիտարկվել է 4-5%-ի շրջանակներում, որն ընկած է նաեւ միջագային կառույցների հետ իրականացվող մեր ծրագրերի հիմքում: Երկար քննարկումներից հետո որոշեցինք ծրագրում ամրագրել ոչ թե ընթացիկ միտումները, այլ ավելի հավակնոտ թիրախ ընտրել` փոքր-ինչ գերազանցելով զարգացման միջին տեմպը: Եթե ծրագրի հիմքում դնեինք 10 կամ 8 տոկոս ցուցանիշ, ապա միջինժամկետ կտրվածքով դա հասանելի չէր լինի: Գուցե մի որեւէ տարում նման արդյունքի հասնենք, բայց խոսքը գնում է միջինժամկետ ծրագրի մասին: Մենք նոր գործիքներ ենք փորձում, որոնք հուսով եմ` արդյունք են տալու` սուբսիդավորումները, արդյունաբերական նոր քաղաքականությունը, բիզնես միջավայրի լավացումը: Հենց դա էլ մեզ հնարավորություն է տալու ընթանալ տարածաշրջանային զարգացումների վերին շեմով:

Կառավարության նախորդ ծրագրում թիրախավորվել է առողջապահության եւ կրթության ֆինանսավորման աճ` համապատասխանաբար մինչեւ ՀՆԱ-ի 2.2% եւ 3.5%: Այդ թիրախները չհաղթահարվեցին, իսկ այս ծրագրում դրանք ընդհանրապես թիրախավորված չեն: Ինչո՞վ է դա պայմանավորված:  

Այս ոլորտների բյուջետային ֆինանսավորման էական բարձրացում հնարավոր չէ` պայմանավորված մակրոտնտեսական գործոններով: Բայց կան ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ: Օրինակ` ապահովագրական մեխանիզմը, թեեւ գումարի չափի առումով կանխատեսումներ անելն այստեղ առայժմ հնարավոր չէ: Այս պահին պետական հատվածում աստիճանաբար ներդնում ենք առողջապահության ապահովագրությունը, այնուհետ դա կտարածենք հանրային ողջ հատվածի վրա:

Որպեսզի առողջապահական համակարգն ավելի էժան ու մատչելի դառնա` պետք է մասշտաբի խնդիր ապահովենք, ապահովագրական համակարգում ներառելով նաեւ խոշոր ձեռնարկություններին, այնուհետ միջիններին ու փոքրերին: Ինչ վերաբերում է բյուջետային ֆինանսավորման աճին, ապա դա հնարավոր է միայն հարկերի բարձրացմամբ, որովհետեւ անգամ ՀՆԱ-ում հարկերի հավաքագրման 0.3-0.4% աճը նման հնարավորություններ չի տալիս:

Հայաստանում մահացության երկու հիմնական պատճառ կա` սիրտանոթային եւ ուռուցքային հիվանդություններ:

Ապահովագրությունը թույլ է տալիս էապես մեծացնել սիրտանոթային հիվանդությունների բուժման ֆինանսավորումը: Իսկ ուռուցքաբանական հիվանդությունների ուղղությամբ զգալի միջոցներ ենք ծախսում` Բելգիայի կառավարությունից վարկ են վերցրել  միջուկային դիագնոստիկ կենտրոն ստեղծելու, իսկ Համաշխարհային բանկի հետ համատեղ կիրականացնենք բժշկության նորագույն մեթոդների ներդրում:

Կառավարության գործունեության ծրագրում մի շարք թիրախներ ունեն սոցիալական կարեւոր ուղղվածություն` թոշակների, նվազագույն աշխատավարձի, երեխաների նպաստների բարձրացում: Իսկ կոնկրետ 2013 թ. ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ մեր քաղաքացիները:

Անշուշտ` 2013 թ. ինչ-որ փոփոխություններ կլինեն: Հիմա մենք աշխատում ենք կայուն զարգացման ծրագրի վրա, որտեղ այդ թվերը կհստակեցվեն ավելի երկար ժամանակահտվածի համար: Պետական բյուջեի նախագծով 2013 թ. նվազագույն աշխատավարձը կբարձրացնենք 35 հազ. դրամ` ներկայիս 32.5 հազ. դրամի համեմատ: Այնուհետ այդ թիվը կշարունակի աճել` մինչեւ կրկնապատկվելը: Միջինժամկետ ծախսերի ծրագրով կենսաթոշակների եւ նպաստների բարձրացում 2013 թ. չի նախատեսվում, թեեւ հնարավոր եմ համարում, որ բյուջեում աշխատավարձի ու կենսաթոշակի ավելի մեծ չափ նախատեսենք, քան միջինժամկետ ծախսային ծրագրում է:

Կառավարությունը պլանավորում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ` տարեկան 0.3-0.4%: Բայց կարծես թե նախորդ ծրագրով այդ ցուցանիշը չապահովվեց, որքանո՞վ եք դա իրատեսական համարում առաջիկա 5 տարվա համար:

Մենք այս առումով խնդիր ունեցանք միայն ճգնաժամային 2009 թ.: Բայց մյուս տարիներին հավաքագրման աճ ունեցել ենք:

Խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ տնտեսական աճը նախատեսվածից ավելի է լինում: 2012 թ. նախատեսել ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 0.6% աճ, սակայն եթե տնտեսական աճը նախատեսված 4.2%-ը գերազանցի` հնարավոր է այդ 0.6%-ը չապահովենք, թեեւ նվազագույնը 0.4% կլինի: Մենք խնդիր ունենք համադրել հարկային վարչարարությունը տրամադրվող  արտոնությունների հետ: Մենք ձգտում ենք թեթեւացնել հարկային վարչարարությունը, բայց զուգահեռ պետք է օգտագործենք ավելի նուրբ գործիքներ, առաջին հերթին գնալու ենք պարզեցման ուղղությամբ:

Ինչպե՞ս կբնութագրեիք այն քննարկումները, որ կառավարության ծրագրի շուրջ տեղի ունեցան Ազգային Ժողովում: Բավարարվա՞ծ եք քննարկումների բովանդակային մասով:

Կառավարության գործունեության ծրագիրը տնտեսական փաստաթուղթ չէ, այլ` քաղաքական, ու պետք է քննարկվի համապատասխան քաղաքական միջավայրում ու քաղաքական կոնտեքստում: Գուցե իմ ակնկալիքներն էին այլ, բայց ես խորը մասնագիտական քննարկում չէի ակնկալում, ու պետք էլ չէր, որ խորհրդարանում այդպիսի քննարկում լիներ: Ընդհանուր առմամբ` քննարկումը դրական եմ գնահատում; Ես չեմ կարծում, որ ծրագիրը իդեալական էր, ու չեմ կարծում, որ պետք  չէ մատնացույց անել, որ կարող են լինել խնդիրներ: Ըստ էության`  քննադատությունների հիմնական մասը վերաբերում էր ոճին, շատ քիչ առարկություններ կային քաղաքականության այս կամ այն կոնկրետ ուղղության վերաբերյալ: Ասում են` 5-7% ցուցանիշը ցածր է, ու մեզ տասնյակ տարիներ են պետք զարգացած երկրների մակարդակին հասնենք: Բնականաբար` դա այն ցուցանիշը չէ, որ մեզ շատ արագ կհասցնի կատարյալ երջանկության: Բայց մեր քաղաքականությունը բխում է հնարավորին հասնելու տրամաբանությունից, այլ ոչ թե ցանկալիին; Գոհ եմ, որ քննարկումները սուր էին, բայց քանի որ դա քաղաքական փաստաթուղթ է, քննարկումները հենց այդպիսին էլ պետք է լինեին:

Զրուցեց` Սամվել Ավագյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ