News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հունիսի 25-ին, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնեւիչիենի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպմանը Գարեգին Բ-ն արձանագրել է, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ առկա են բարեկամական հարաբերություններ, որոնք տարեց տարի ավելի են սերտանում եւ բազմաբնույթ ընդգրկում ստանում: Նա մասնավոր գոհունակություն է հայտնել երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջեւ ձեւավորվող համագործակցության առիթով:

Իր խոսքում Կաթողիկոսը հյուրերին ներկայացրել է հայ ժողովրդի կյանքում թե´ պատմության ընթացքում եւ թե´ այսօր Եկեղեցու ունեցած դերակատարությունը` մասնավորապես անդրադառնալով քրիստոնեական արժեքների եւ ժողովրդի քրիստոնեական նկարագրի անաղարտ պահպանման համար Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին:

Իր հերթին տիկին Յուկնեւիչիենին նույնպես կարեւորել է քրիստոնեական արժեքների եւ Եկեղեցու դերակատարությունը հասարակության կյանքում` այս առնչությամբ հիշատակելով նաեւ խորհրդային տարիներին եղած արգելքները:

Հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել բանակում հոգեւոր սպասավորների կարեւոր ծառայությանը եւ այս կապակցությամբ երկու երկրների փորձառությանը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի, ինչպեսեւ երկու երկրների հոգեւոր կյանքի, Քույր Եկեղեցիների ու այլ կրոնների հետ Հայ Եկեղեցու հարաբերությունների մասին:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության լիազոր եւ արտակարգ դեսպան Գեդրիուս Ապուոկասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ