News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում երկօրյա քննարկումները ցույց տվեցին, որ խորհրդարանի ընդդիմադիր ուժերի միջեւ համագործակցության եզրեր գտնել հնարավոր է, որի վկայությունն է Կառավարության ծրագրին դեմ քվեարկած 49 պատգամավորներն են: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, թե ցանկության դեպքում խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կարող են միանալ եւ համագործակցել:

«Սակայն այստեղ խոսքը միավորման մասին չէ, այլ որոշ օրինագծերի շուրջ, այս կամ այն օրինագծի քվեարկության ժամանակ համագործակցության: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ինչն է իր շահերից բխում, ինչպես դրսեւորի իրեն այս կամ այն հարցում եւ եթե ընդդիմադիր ուժերի շահերը համընկնեն, ապա վատ չի լինի: Ես կարծում եմ, որ Կառավարության ծրագրի դեմ 49 ձայնը վկայում է ընդդիմադիր ուժերի շահերի համընկնման մասին, ընդ որում, առանց նախնական պայմանավորվածության»,-նշել է Մանուկյանը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ քաղաքական ուժերը հասուն են եւ իրենք են որոշում իրենց ճակատագիրը եւ թե ինչպես դրսեւորեն իրենց: Մանուկյանի խոսքով, այդ առումով, ինքը լավատեսորեն է տրամադրված, քանի որ 4 քաղաքական ուժերի միանման քվեարկությունը հույս է ներշնչում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ասուլիսում հայտարարել էր, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, ցանկության դեպքում, կարող են միավորվել եւ համագործակցել, սակայն ընդդիմությանը խանգարում են արհեստական հարցերը: «Պետք է գնալ սխալների ընդունման ճանապարհով: Քաղաքական գործիչներն ու ուժերը սխալվելու իրավունք ունեն, սակայն պետք է իրենց մեջ ուժ գտնեն ընդունել դրանք եւ համագործակցություն սկսել: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կարող են համագործակցել, քանի որ բազմաթիվ լուրջ գործիչներ կան: Հակառակ դեպքում դա կնմանվի ռեւանշիզմի»,- ասել էր Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ