News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որն առաջինն է մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից ու ՀԱԿ-ի խորհրդարանական գործունեության մեկնարկից հետո: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը: 

 «Այսօրվա հանրահավաքը կայանալու է արդեն նոր իրավիճակում, իրավիճակ, որում, ըստ էության, ՀԱԿ-ի հանրահավաքն ավելի շատ արհեստական միջոցառում է, քան քաղաքական գործընթացներում այդ ուժի գործունեությունից բխող անհրաժեշտություն: Այսօրվա հանրահավաքը այդպիսին կլիներ, եթե ՀԱԿ-ը հրաժարվեր պատգամավորական մանդատներից: Սակայն նաեւ անցած շաբաթվա ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչների խորհրդարանական գործունեությունը ցույց տվեց, որ Կոնգրեսը կարծես հարմարավետորեն տեղավորվել է ԱԺ-ի ձեւաչափում եւ չունի ասելիք, որի համար ԱԺ-ի ամբիոնը չի բավականացնում: Հատկապես «ավազակապետական իշխանության դեմ մղվող պայքարում» այդ իշխանության անցկացրած կեղծված ընտրությունների արդյունքում մանդատները վերցնելուց ու հետո նույն «ավազակապետության» վարչապետի հետ տարբեր թեմաներով հարցուպատասխանի մեջ մտնելուց հետո: Իհարկե, ՀԱԿ անդամները կարող են տասնյակ-հարյուրավոր հակափաստարկներ ներկայացնել, ինչը կարող է համոզիչ թվալ հռետորաբանության, սակայն ոչ` քաղաքական բովանդակության տեսանկյունից: Այսօրվա հանրահավաքի, թերեւս, միակ ինտրիգը, ինչպես ՀԱԿ-ի վերջին շրջանի գործունեությունն ամբողջությամբ, պայմանավորված է ԲՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքով կամ դրա հստակեցմամբ: Նախկին արտգործնախարար ու ներկա ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին նախորդ հանրահավաքում ուղղված գովասանքից, մայիսի 6-ին նրա հետ համատեղ ասուլիսից հետո ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր, թերեւս, ստիպված է լինելու նրա նկատմամբ հարուցված քրեական գործի, ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու մասին գնահատականներ հնչեցնել: Իսկ դրանք, մեծ հավանականությամբ, կտեղավորվեն Տեր-Պետրոսյանի անվերապահ ազդեցության տակ գտնվող գործիչների` «Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու», «կոալիցիային չանդամակցելով իշխանության ներսում ԲՀԿ-ի առաջացրած ճաքերի» վերաբերյալ գնահատականների տրամաբանության շրջանակներում: Այդպիսով, պաշտոնապես կարձանագրվի Լ. Տեր-Պետրոսյանի անհամաձայնությունը ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի հետ, ով, թեեւ առայժմ միակն է, որ արտահայտել է Վ. Օսկանյանի նկատմամբ իր` սկզբունքորեն տարբերվող դիրքորոշումը, սակայն արտահայտում է ՀԱԿ-ի որոշակի շերտերի դժգոհությունը ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների, ավելի ճիշտ` ՀԱԿ-ի գործունեությունը ԲՀԿ-ով պայմանավորելու մարտավարության վերաբերյալ: Փաստորեն, չնայած ԲՀԿ-ի միջոցով իշխանական բուրգը թուլացնելու Լ. Տեր-Պետրոսյանի հաշվարկներին, նույն ԲՀԿ-ն փորձաքար է դառնում ՀԱԿ-ի ամբողջականության ապահովման տեսանկյունից»,- գրում է «168 ժամը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ