News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը հանձինս Ավստրիայի տեսնում է բարեկամ պետության եւ հուսալի գործընկերոջ: Այս մասին այսօր` հունիսի 26-ին, Երեւանում հայտարարել է Հայսատանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ավստրիացի գործընկերոջ` Հայնց Ֆիշերի հետ համատեղ ասուլիսում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Նախագահի խոսքով, դա պայմանավորված է ինչպես երկու ժողովուրդների դարավոր մշակութային կապերով, այնպես էլ փոխադարձ համակրանքով, արժեքների ընդհանուր համակարգով, Ավստրիայի հայկական համայնքի գոյությամբ, ինչպես նաեւ վերջին 20 տարիների աշխատանքի դրական փորձով:

Սարգսյանը նշել է, որ բանակցությունների օրակարգը եղել է բավարար չափով հագեցած, քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, կողմերը հաստատել են հարաբերությունները խորացնելու փոխադարձ ցանկությունը: Երկողմ հարաբերությունների առումով կողմերը ընդգծել են ներուժի առկայությունը առեւտրա-տնտեսական, մշակութային եւ կրթական  հարաբերությունների զարգացման համար եւ պայմանավորվել լրացուցիչ ջանքեր ներդնել հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար: Նախագահը հիշեցրել է, որ Հայնց Ֆիշերի այցի շրջանակներում տեղի կունենա հայ-ավստրիական բիզնես-ֆորում, կստորագրվի Հուշագիր համագործակցության մասին Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի եւ Ավստրիայի Տնտեսական պալատի միջեւ:

«Հուսով եմ, որ ֆորումը կտա շոշափելի արդյունքներ եւ մոտակա ժամանակներում Ավստրիայի ներկայացվածությունը մեր երկրում կավելանա», - նշել է Սերժ Սարգսյանը: Նա նաեւ նշել է, որ շնորհակալություն է հայտնել իր ավստրիացի գործընկերոջը 1988-ի երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնմանը հատկացված օգնության համար, ինչպես նաեւ Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակներում էլ այսօր ստորագրվել է զարգացման մասին Միջկառավարական համաձայնագիրը:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում նաեւ բարձր են գնահատում Ավստրիայի կառավարության աջակցությունը երկրի հայկական համայնքին եւ ուշադրությունը Ավստրիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը, այդ թվում այնպիսի հուշարձանի, ինչպիսին է Վիեննայում Մխիթարյանների վարժարանը:

Հանդիպման ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաեւ ԵՄ շրջանակներում համագործակցության հարցեր, «Արեւելյան գործընկերություն» ծրագրում Հայաստանի մասնակցության մասին: Ավստրիական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը Հայաստանին եվրաինտեգրման մեջ աջակցելու մասին: Սերժ Սարգսյանի գնահատմամբ, հանդիպումն անցել է շատ դրական եւ արդյունավետ: Ավստրիայի նախագահը եւս հրավիրել է իր հայկական գործընկերոջը այցելել Վիեննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ