News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն հունիսի 25-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության  հարցերին նվիրված քննարկմանը, որին մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, հումանիտար հարցերով նրա տեղակալը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ մոտ հինգ տասնյակ պետությունների  ներկայացուցիչներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ`  դեսպանը, խոսելով, ԼՂ հակամարտության մասին, նշել է հակամարտության գոտում մարդկության հանդեպ հանցագործության համար Ադրբեջանի պատասխանավության մասին:  Կարեն Նազարյանը ասել է նաեւ, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են հարյուր հազարավոր տեղահանված ու փախստական հայերի իրավունքները ոտնահարելու, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն ի պատասխան սանձազերծած էթնիկ զտումների ու ագրեսիայի, ինչպես նաեւ Խոջալուի բնակավայրում ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած սպանդի համար:Դեսպան Նազարյանը նաեւ ԱԽ անդամների է տեղեկացրել, որ հակամարտության արդյունքում հիմնահատակ ավերվել են հայկական  բնակավայրերը` ներառյալ Արծվաշենը, ԼՂՀ հյուսիսային շրջանի Շահումյան, Գետաշեն եւ 18 այլ գյուղերը, որոնք երկու տասնյակ շարունակում են մնալ ադրբեջանի կողմից զավթված ու գրավյալ տարածքներ: Դեսպանը, ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի` նույն օրն ավելի վաղ արված անհեթեթ հայտարարությունների, նաեւ նշել է, որ հայկական կողմը քաղաքացիական բնակչության ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների եւ բնակելի տների հանդեպ  շարունակվող հռթիռակոծություններն ու ռմբակոծությունները կանխելու համար միջազգային հումանիտար իրավունքի համաձայն իրականցրել է պաշտպանվելու իր պատասխանատվությունը: Նա նաեւ անդրադարձել է, որ ներկայումս Ադրբեջանը շարունակում է անկախ Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ ոտնձգությունները` մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարունակվող կոչերը` իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք կվերացնեն քաղաքացիական բնակչության նկատմամբ սպառնալիքները:  Այդ համատեքստում դեսպանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների` անցած շաբաթ Լոս-Կաբոսում արված հայտարարությունն ու կոչ ուղղել ադրբեջանական կողմին դադարեցնել բոլոր տեսակի սադրանքները, ներառյալ` Հայաստանի հետ սահմանային շրջաններում ու ԼՂ հետ շփման գծում դիվերսիոն խմբեր գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ