News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» (Amoure) ֆիլմով: Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր, հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո եւ հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուելլա Ռիվայի եւ Իզաբել Հուպերտի խաղով: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմը տարեց զույգի` երաժշտության ուսուցիչներ Աննի եւ Ժորժի սիրո փորձության պատմությունն է: «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կեզրափակվի «Սիրո» մեկ բացառիկ ցուցադրությամբ:

Ի դեպ, «Երեւանյան պրեմիերաների» ծրագրում կցուցադրվի նաեւ Կաննի փառատոնի այս տարվա բացման ֆիլմը` Ուես Անդերսոնի «Լուսնկայի թագավորություն»-ը (Moonrise Kingdom): «Երեւանյան պրեմիերաները» կներկայացնի նաեւ Կաննի հիմնական մրցույթի մասնակից «Բլուրներից այն կողմ» (Beyond the Hills) (ռեժ.` Քրիստիան Մունջու) եւ «Դրախտ. սեր» (Paradise: Love) (ռեժ.` Ուլրիխ Զայդլ) ֆիլմերը:

Հիշեցնենք նաեւ, որ 2011 եւ 2012թթ. ՖԻՊՐԵՍԻ մրցանակակիրներ «Մշուշում» (In the Fog) (ռեժ.`Սերգեյ Լոզնիցա) եւ «Իշխանավորը» (The Minister) (ռեժ.`Պիեռ Շյոլեռ) ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում:

Խորհրդանշական է, որ Երեւանի միջազգային կինոփառատոնը այս տարի կմեկնարկի գրական ստեղծագործության էկրանավորմամբ. ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ոսկե ծիրան»-ն այս տարի կազդարարվի Համո Բեկնազարյանի` 1926թ. ստեղծված «Շոր եւ Շորշոռ» կատակերգությամբ (ըստ` Մ.Բագրատունիի պատմվածքի), որը հուլիսի 8-ին կներկայացվի Վահագն Հայրապետյանի եւ իր ջազ-խմբի նոր երաժշտական ձեւավորմամբ:

«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Փառատոնն իրականանում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ