News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի զբոսաշրջության միջազգային կազմակերպությունը (UNWTO) հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը, որի համաձայն արտասահմանյան զբոսաշրջիկների թվով Հայաստանը զիջում է իր երեք հարեւաններին` Թուրքիային , Վրաստանին եւ Ադրբեջանին:

Զեկույցի տվյալներով, 2011 թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանը տարվա ընթացքում ընդունել է 758 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտավորապես 11 տոկոսով ավելի է, քան 2010-ին:

Ադրբեջան 2011 թ. ընթացքում այցելել է 1 մլն 500 հազար զբոսաշրջիկ, 2010 թ. 1 մլն 280 հազարի փոխարեն:

Հարավային Կովկասում զբոսաշրջության բնագավառում միանձնյա առաջատար են հանդիսանում վրացիները. ՄԱԿ-ի տվյալներով Վրաստան մեկ տարվա ընթացքում այցելել է 2,8 մլն զբոսաշրջիկ:

Եթե Հարավային Կովկասում Վրաստանը առաջատար է զբոսաշրջիկների թվով, ապա համաշխարհային մասշտաբով հյուսիսային հարեւանները առաջատար են զբոսաշրջության ծավալների աճի ցուցանիշով: Մեկ տարվա ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 39 տոկոսով: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Իտալիայում, որը համարվում է ավանդական զբոսաշրջային ուղի, զբոսաշրջիկների թվի աճը կազմել է մոտ 1 տոկոս, իսկ, ասենք, Հայաստանի հարեւան մյուս պետությունում, Թուրքիայում` մոտ 6 տոկոս:

Ի դեպ, Թուրքիայի ցուցանիշները 2011 թ. համար ՄԱԿ-ի մասնագետների խոսքով, եղել են բավականին տպավորիչ: Ստամբուլը ինչպես նաեւ Թուրքիայի առափնյա առողջարաններ է այցելել 29 մլն զբոսաշրջիկ: Արտասահմանյան զբոսաշրջիկների թվով Թուրքիան գտնվում է աշխարհում 6-րդ տեղում, նշում են զեկույցի հեղինակները:

ՄԱԿ-ի մասնագետներն ուսումնասիրել են նաեւ այն, թե ինչպիսի ազդեցություն են թողնում զբոսաշրջիկներն այս կամ այն պետության տնտեսության վրա:

Այս առումով տարածաշրջանում միանձնյա առաջատարը Թուրքիան է. 2010-2011 թթ. այս երկրում զբոսաշրջիկները ծախսել են ընդհանուր առմամբ 23 մլրդ դոլար: Այդ նույ ժամանակաշրջանում Ադրբեջան այցելած զբոսաշրջիկները ծախսել են 1,2 մլրդ դոլար, իսկ Վրաստանում ` 900 մլն դոլարից մի փոքր ավելի:

Զբոսաշրջիկներից ստացած եկամուտների առումով Հայաստանը Հյուսիսային Կովկասում նույնպես աութսայդեր է: ՄԱԿ-ի տվյալներով զբոսաշրջիկները մեկ տարվա ընթացքում Հայաստանում ծախսել են մոտ 445 մլն դոլար, ինչն ընդամենը 37 մլն-ով է ավելի, քան 2010-ին:

Համեմատության համար նշենք, որ 2010 թ. տվյալներով հարեւան Իրանում զբոսաշրջիկներից ստացված եկամուտները կազմել են մոտ 2,7 մլրդ դոլար: Պաշտոնական Թեհրանը չի ներկայացրել ՄԱԿ-ին ավելի թարմ տվյալներ ինչպես նաեւ տվյալներ զբոսաշրջիկների թվի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ