News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցազրույցը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հետ։

Միջազգային ֆինանսական ինստիտուտների տվյալներով, Հայաստանն այն երկրների շարքում է հայտնվել, որոնք ամենաշատն են տուժել տնտեսական ճգնաժամի հետեւանքով։ Կարելի՞ է հետեւություն անել, որ Կառավարությունը մինչճգնաժամային շրջանում չի կարողացել ճշգրիտ հաշվարկել քայլեր, եւ նրա առաջնային գործողությունները ցանկալի արդյունքը չապահովեցին։

Սովորաբար անցյալի վերաբերյալ դատողություններ և քննադատություններ անելն ավելի հեշտ է քան ապագայի մասին կանխատեսումները: Սակայն այդ հարցին կարելի է մոտենալ այն տեսանկույնից, թե որոնք էին դասերը, որոնք մենք քաղեցինք՝ մեր տնտեսության վրա ունենալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը:

Իրականում վերջին զարգացումները ցույց տվեցին, որ մեր տնտեսության կառուցվածքն այդքան էլ ճկուն և դիմադրողական չէր՝ արտաքին ցնցումներին դիմակայելու համար: Եվ այն, ինչը մենք հիմա ունենք, նաև նախորդ տարիների արդյունքն է։

Մինչ ճգնաժամային ժամանակահատվածը Հայաստանի տնտեսությունը անուղղակի կերպով կրում էր հոլանդական հիվանդության վարակը, որն ի դեպ դասական ձևով վառ արտացոլված էր մեզ համար հիմնական գործընկեր և տրանսֆերտների հիմնական աղբյուր հանդիսացող Ռուսաստանի տնտեսությունում։ Հոլանդական հիվանդությունը հատուկ է հումք արտահանող երկրներին, որոնք արտադրողականության բարձրացման խնդիր չունեն, հումքը վաճառում եւ մեծ գումարներ են ձեռք բերում արտաքին շուկաներից, իսկ հետո անձրեւի նման թափվող այս գումարները գնում և կուտակվում են տնտեսության ոչ արտահանելի հատվածում` այն է հիմնականում անշարժ գույքի եւ սպասարկման ոլորտներում: Արդյունքում սկսում են զարգանալ և ծաղկել շինարարության ու սպասարկման ոլորտները, որովհետեւ այս ոլորտներում գները սկսում են աճել, իսկ փոխարենը տնտեսությունից դուրս է մղվում արտահանելի ճյուղը, որովհետև գները և շահութաբերությունն այստեղ ավելի դանդաղ են աճում քան ոչ արտահանելի ճյուղում։ Արդյունքում բոլոր ռեսուրսները (մարդ, կապիտալ ) և փողերը հոսում են ոչ արտահանելի հատված, որն ի դեպ շատ ավելի խոցելի է արտաքին ցնցումներից, քանի որ այստեղ արտադրողականության աճը սահմանափակ է:

Հայաստանը նավթով կամ գազով հարուստ երկիր չէ, բայց Հայաստան հսկայական քանակությամբ տրանսֆերտներ էին գալիս, և հիմնականում՝ Ռուսաստանից, ինչն անուղղակի կերպով «հոլանդական հիվանդության» էֆեկտ առաջացրեց մեր տնտեսությունում։ Գործարարները մեծ եկամտաբերություն նկատեցին շինարարության եւ սպասարկման ոլորտներում, եւ փոխանակ արտահանելի արտադրանք ստեղծելու մասին մտածեն, սկսեցին ձգտել գործունեւոթյուն ծավալել շինարարության եւ սպասարկման ոլորտներում։ Այս ոլորտները դարձան մեր տնտեսական աճի շարժիչ ուժերը:

Որն էր ճիշտ քաղաքականությունը. Երկրների փորձը և տեսությունը փաստում են, որ «հոլանդական հիվանդության» ախտանիշների դեպքում անհրաժեշտ է ուժեղացնել վարչարարությունը և արդյունավետ հարկել բարձր աճ ունեցող ոչ արտահանելի հատվածը, իսկ դրա արդյունքում բյուջե մուտք գործած լրացուցիչ հարկային մուտքերի մեծ մասը խնայել, իսկ մնացածն ուղղել տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանը, որն անուղղակի կօժանդակեր արտահանելի հատվածին և կբարձրացներ տնտեսության ընդհանուր արդյունավետությունը:

Այսինքն՝ վարեր ուժեղ հակացիկլիկ քաղաքականություն:

Այս առումով, կարելի է ասել, որ անցյալ տարիներին հարկային քաղաքականության վարչարարության բնագավառում բացթողումներ են եղել, եւ այժմ կառավարության գլխավոր խնդիրներից պետք է լինի այս ոլորտում ագրեսիվ բարեփոխումների իրականացումը, ինչի մասին մեկ անգամ չէ, որ Վարչապետը նշել է։ Հատկապես հարկային եւ մաքսային վարչարարությունը մեզ մոտ պետք է ավելի արագ տեմպերով բարելավվեր: Այսինքն տրանֆերտներից ձեւավորված գումարները մեզ մոտ անցած տարիներին վերջնական հանգրվան էին գտնում ոչ արտահանելի հատվածում, որը ծաղկում էր ապրում, և այստեղ պետությունը պետք է դրանց ճիշտ հարկման մեխանիզմներ գտներ կամ արագ զարգացներ, իսկ հավաքագրված լրացուցիչ հարկերի մի մասն ուղղեր ենթակառուցվածքների զարգացմանը, որը, ինչպես վերը նշեցինք, ընհանուր տնտեսության արդյունավետությունը կբարձրացներ։ Չի կարելի ասել, որ հարկային քաղաքականությունն ամբողջությամբ սխալ է եղել, բայց, երեւի թե, բարեփոխումներն էին դանդաղ ընթանում: Այդ իսկ պատճառով անցյալից քաղած դասերը թերևս ցույց են տալիս, որ կառավարությունը տնտեսական բարեփոխումների իրականացման ավելի ագրեսիվ քաղաքականություն պետք է վարի։ Հայաստանում շուկան պետք է դիվերսիֆիկացված դառնա։

Այդ դեպքում, եթե շինարարության ոլորտը արտադրողական չէ, եւ տնտեսական կտրուկ անկման պատճառներից մեկը դարձավ, ինչո՞ւ պետությունը ռուսական վարկից զգալի գումար տրամադրեց հենց շինարարական ընկերություններին։

Նախ պետք է նշել, որ եթե հրդեհ է բռնկվում բնակարանում, քանի որ ասենք որոշ սարքեր անսարք են եղել, քո թիվ մեկ կարճաժամկետ խնդիրը պետք է լինի հրդեհը հանգցնել հետո անսարքություններն ուղղել, այլապես հրդեհը կխժռի ողջ ունեցվածքդ: Հենց այս սկզբունքն է դրված եղել մեր հակաճգնաժամային կարճաժամկետ քաղաքականության մեջ: Ընդ որում մենք օժանդակել ենք ինչպես շինարարության ոլորտին, այնպես էլ սպառողին՝ նորաստեղծ վարկային կազմակերպության միջոցով հիպոթեքային վարկերի տրամադրման միջոցով:

Իրականում պետությունը ռուսական վարկից շինարարներին ուղղակի գումար չի հատկացրել: Կային ընկերություններ, որոնք արդեն ավարտին էին մոտեցրել շինարարական աշխատանքը, բայց չէին կարողանում ավարտել, որովհետեւ շրջանառու միջոցներ էլ չունեին, իսկ բանկերը չէին համաձայնվում գումար տրամադրել, կամ շատ բարձր տոկոսով էին տալիս։ Դրա համար պետությունը երաշխիքներ տվեց շինարարական մի քանի ընկերությունների, որի շնորհիվ բանկերից ստացվող վարկերը համեմատաբար ավելի ցածր տոկոսադրույքով (քան առանց երաշխիքի) տրամադրվեցին այս ընկերություններին։ Այսինքն՝ այս դեպքում երեք կողմերն էլ շահեցին, բանկերը, որովհետեւ իրենց միջոցները տեղաբաշխեցին, ընկերությունները ի վերջո կարողացան վերսկսել շինարարությունը եւ աշխատատեղեր ապահովեցին, իսկ պետությունը համախառն ներքին արդյունքի բարձրացում ունեցավ, եւ նաեւ սոցիալական լարվածությունը մեղմվեց, որովհետեւ կառուցվող բնակարանների սեփականատերերը քաղաքացիներ են։

Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսությունը հնարավո՞ր է վերականգնվի միջնաժամկետ հատվածում՝ հասնելով մինչճգնաժամային տարիների արդյունքներին։

Ես վստահ եմ, որ մեր տնտեսությունը կվերականգվի, եւ նախորդ տարիների ցուցանիշները կգրանցի։ Նախ մեր տնտեսությունը կապված է նաեւ համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումների հետ, որոնք կայունացման եւ զարգացման նշաններ են արդեն ցույց տալիս։ Հայաստանը տնտեսական անկմամբ այս տարի հասավ ամենաստորին սանդղակին, հաջորդ տարի արդեն 1.2 տոկոս տնտեսական աճ ենք կանխատեսում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանում եւս մոտ 1,5 տոկոս աճ է լինելու, իսկ մեր տնտեսությունը սերտորեն կապված է ռուսական շուկայի հետ։ Արժույթի միջազգային հիմնադրամի, HSBC group-ի, Ասիական բանկի տարածաշրջանային կանխատեսումները եւս հուսադրող են։

Տրանսֆերտների կտրուկ նվազեցման պարագայում կառավարութունը ի՞նչ կերպ է նախատեսում վերականգնել ֆինանսական հավասարակշռությունը, եւ ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա տրանսֆերտների քանակի այս նվազումը։

Տրանսֆերտներն իսկապես մեծ դեր ունեն Հայաստանի տնտեսության համար, ընդ որում դրանք բավականին հավասարաչափ են բաշխվում տնտեսությունում՝ նվազեցնելով տնտեսության մեջ եկամուտների բևեռացվածությունը։ Հայաստանում ստացվող տրանսֆերտները տարեկան հասնում էին ՀՆԱ-ի 13-14%-ին: Սակայն այս տարի տրանֆերտները կրճատվել են մոտ 30 տոկոսով, ինչը նշանակում է հասարակության մոտ եկամուտների անկում` հետևաբար և տնտեսության պահանջարկի անկում։ Եվ որպեսզի կարողանայինք փոխհատուցել տրանսֆերտներով պայմանավորված պահանջարկի անկումը, կառավարության խնդիրներից մեկն էր, որ ինքը միջոցներ ներգրավեր արտաքին աշխարհից և ներարկեր տնտեսության մեջ` այսպիսով խթանելով պահանջարկը: Այս առումով կարծում եմ, որ կառավարությանը հաջողվեց ԱՄՀ-ից, Ռուսաստանի կառավարությունից, Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից և այլ դոնորներից օժանդակ միջոցներ ձեռք բերել, որոնք ներարկվեցին տնտեսության մեջ, ինչը փաստորեն որոշակիորեն փոխհատուցեց տրանֆերտների կրճատումը։ Արդյունքում, այս տարի բյուջեով գումարներ ավելի շատ ներարկվեցին տնտեսություն, քան պետությունը հարկերի միջոցով հավաքեց տնտեսությունից, որի հետևանքով սպասվում է, որ 7 տոկոս պակասորդ կձեւավորվի՝ ծրագրված 1%-ի փոխարեն։

Հայաստան այսօր անհամեմատ ավելի քիչ փող է մուտք գործում, քան նախկինում։ Ըստ Ձեզ՝ այս պարագայում անհրաժեշտ չէ՞ արդյոք, որ ԿԲ-ն վերանայի դրամավակային քաղաքականությունը, մասնավորապես՝ նոր մեխանիզմներ ստեղծի մանր եւ միջին բիզնեսի վարկավորման համար։

Իրականում ԿԲ-ի գլխավոր խնդիրը գների կայունությունն է, ինչը մեր դեպքում ամրագրված է օրենքով, և հենց դրա միջոցով է ԿԲ-ն օժանդակում տնտեսությանը: ԿԲ-ն իր նպատակին հասնում է դրամավարկային իր քաղաքականությունը գործադրելով, որից ուղղակիորեն օգտվում են ֆինանսական շուկայի մասնակիցները և ապա դրանց միջոցով այն ներթափանցում է իրական հատված: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ ԿԲ-ն վերանայի իր քաղաքականությունը և ուղղակ օժանդակություն տրամադրի ՓՄՁ սուբյեկտներին, ապա պետք է նշել, որ դա այդքան էլ չի խրախուսվում , քանի որ բավականին մեծ խեղաթյուրումներ է մտցնում շուկա: Երկրների փորձը ցույց տվեց, որ նույնիսկ որպես հակաճգնաժամային գործիք ավելի արդյունավետ է, որ կառավարությունը օժանդակություն տրամադրի ՓՄՁ-ներին իսկ ԿԲ-ներն այս գործընթացում օժանդակեն կառավարությանը՝ իրենց ընդլայնող վարքագծով, այսինքն իջեցնեն տոկոսադրույքները: Մենք հետևեցինք հենց այս փորձին, և իմ կարծիքով Կենտրոնական բանկը դեռ որոշ ժամանակ պետք է ցածր պահի իր հիմնական գործիքի դոկոսադրույքը, իսկ մանր եւ միջին բիզնեսի օժանդակության քաղաքականությունը կառավարությունը շարունակի իրականացնել: Եթե ԿԲ-ն էլ իր հերթին սկսի նույն քաղաքականությունը վարել,այսինքն այն, ինչ կառավարությունն է անում, ապա երկու մարմինների ծրագրերը հակասության մեջ կմտնեն։ Կարծում եմ, որ ԿԲ-ն և կառավարությունը պետք հատկապես ճգնաժամի ժամանակ խիստ փոխհամաձայնեցված քաղաքականություն վարեն:

Նախատեսո՞ւմ է արդյոք կառավարությունը արտահանմամբ զբաղվողների նկատմամբ խրախուսիչ միջոցներ ձեռնարկել։

Տնտեսության արտահանելի հատվածով զբաղվող գործարարների նկատմամբ այսօր էլ խրախուսիչ միջոցներ կան։ Արտահանման դեպքում գործարարը որևէ մաքսատուրք կամ վճար չի վճարում և նրան հետ է վերադարձվում իր վճարած ԱԱՀ-ն։ Բացի դրանից, խոշոր ներդրումներ կատարող գործարարների համար, ովքեր արտադրանքի կազմակերպման ուղղությամբ խոշոր գումարի արժողությամբ սարքավորումներ են ներկրում՝ 3 տարով հետաձգվում է ԱԱՀ-ի վճարումը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ներկայումս լավագույն մեխանիզմներից մեկը կլինի տնտեսվարման համակարգի բարելավումը, որի համար առաջին քայլերից են հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումները։ Վարչապետը խիստ ուշադրության ներքո է պահում, այս հարցը։ Մինչեւ հարկային եւ մաքսային համակարգերում փոփոխություններ չլինեն, տնտեսական միջավայրը չի բարելավվի և արտահանման խրախուսման ինչպիսի մեթոդ էլ հնարես, այն լիովին կարող է չգործել եթե ներքին տնտեսությունում կան կառուցվածքային խնդիրներ։

2010 թվականի բյուջեով աշխատավարձերի եւ կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում։ Ինչպիսի՞ երաշխիքներ կան, որ հաջորդ տարի արժեզրկում չի լինի, եւ բնակչությունը կկարողանա պահպանել իր գնողունակությունը։

Նախ անհրաժեշտ չէ արժեզրկումը կապել գնողունակության հետ, մեր բոլորիս գնողունակությունը չափվում է գնաճով: Նշեմ, որ որպես հակաճգնաժամային միջոցառումներից մեկը՝ մենք թիրախ ընտրեցինք, որ բյուջեի սոցիալական բնույթի բոլոր նախատեսված ծախսերը կատարվեն ամբողջությամբ և չկրճատվեն: Իսկ դա նշանակում էր, որ վերջիններս (կենսաթոշակ, աշխատավարձ, նպաստ այլ հատուցումներ) 2008թ-ի իրենց մակարդակի համեմատ աճելու են 14-16 տոկոսի շրջանակներում: Եթե այս տարի գնաճը 5-5.5 տոկոս է ակնկալվում, իսկ հաջորդ տարի գնաճի թիրախը 4 +/- 1.5 տոկոս է, ապա կարող ենք ասել որ սոցիալական բնույթի ծախսերի իրական մակարդակը, կամ այլ կերպ ասած այդ գումարների գնողունակությունը, առնվազն պահպանվելու է նախաճգնաժամային մակարդակի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ