News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պրահայում օրերս Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի բարձր հովանու ներքո անցկացվող «9 դարպաս» փառատոնի շրջանակներում «Չարիքի հնէաբանության» ուսումնասիրման կենտրոնը կազմակերպել էր «Մուսա լեռներ» խորագրով գիտաժողովը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պրահայի «Վիոլա» թատրոնում տեղի ունեցած բացման արարողությանը ելույթներ են ունեցել չեխ հանրահայտ հեռուստամեկնաբան եւ հրապարակախոս, Հոլոքոստի վերապրածների զավակ Պավել Ջունան եւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանն իր խոսքում անդրադարձել է Ֆրանց Վերֆելի «Մուսալեռան 40 օրը» ստեղծագործությանը՝ նշելով, որ Չեխիայի հայ համայնքը ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում նաեւ մեծանուն նովելիստին՝ ծաղիկներ դնելով Պրահայում գտնվող նրա  տան շեմին:

Այնուհետեւ դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ միաժամանակ մասնակիցներին ներկայացնելով Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը: Արարողության ավարտին DG307 համույթը ներկայացրել է չեխ հայտնի գրող Պավել Զայիչեկի գրական-երաժշտական նոր կոմպոզիցիան՝ հեղինակի մասնակցությամբ:  

Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են Պրահայի Կարլի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում: Մուսա լեռան ինքնապաշտպանության մասին հանգամանալից զեկույցով հանդես է եկել Նորթրիջի Քալիֆորնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր, հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, ծագումով մուսալեռցի Վահրամ Շեմմասյանը: Հայոց ցեղասպանությանը եւ պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությանը հանգամանալից անդրադարձել են նաեւ Շվեդիայի Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Լեւինը: Ցուցադրվեց Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանությունը» փաստավավերագրական ֆիլմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ