Հայտնի են դարձել Տավուշի մարզի Նավուր գյուղում նռնակի պայթյունից զոհված եւ վիրավորված անձանց ինքնությունը:
Նշենք, որ նռնակի պայթյունից տուժել է 4 մարդ` 3 մահացել են, իսկ 1-ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իծաքար (Նավուրի հարեւան գյուղն է) գյուղի գյուղապետ Արամ Դանիելյանը:
Նախնական տեղկություններով, 53-ամյա Վալենտին Սարգսյանն աներոջ տանը պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, որի հետեւանքով ինքը, իր կինը՝ 60-ամյա Լիոնետա Պետրոսյանը, աներորդու կինը՝ 61-ամյա Թամարա Հարությունյան մահացել են, իսկ աներորդին՝ 53-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում, այսօր` հունիսի 27-ին, ժամը 12:30-ի սահմաններում, սարսափելի դեպք է գրանցվել: Ամուսիններ Վալենտին Սարգսյանը եւ Լիոնետա Պետրոսյանը վիճել են, ինչի արդյունքում կինը գնացել է հայրական տուն: Զայրացած ամուսինը հարցերը որոշել է լուծել նռնակի օգնությամբ եւ այն նետել է աներոջ տան մեջ:
Տավուշի մարզի ոստիկանությունից հաստատեցին պայթյունի մասին տեղեկությունը, հավելելով, որ ոստիկանության աշխատակիցները ներկայումս գտնվում են գյուղում:




























