News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանը ֆորմալ առումով շարունակում է մնալ ՀԱԿ առաջնորդ, սակայն գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նա չի վերահսկում իրավիճակն այդ կառույցում, եւ այնտեղ իր համար ցանկալի որոշումներն անցկացնելու համար նրանից ավելի մեծ ջանքեր են պահանջվում:

«Այս դեպքում խոսքը վերաբերում է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի ընտրությանը: Ինչպես հայտնի է՝ խմբակցության ղեկավար է ընտրվել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, քանի որ այդպես է ցանկացել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն շատ քչերին է հայտնի, թե ինչպիսի դժվարությամբ է Զուրաբյանը հասել դրան, այսինքն՝ ինչ դժվարությամբ է Տեր-Պետրոսյանն անցկացրել իր թեկնածուին:

Պարզվում է՝ այն նիստում, որտեղ պետք է քննարկվեր ՀԱԿ խմբակցության ղեկավարի հարցը, խմբակցության 7 անդամներից մասնակցել է 6-ը: Բացակայել է միայն Ստեփան Դեմիրճյանը: Նրա բացակայությունն առավել քան հասկանալի է. Դեմիրճյանը գտնում է, որ խմբակցության ղեկավարի միակ արժանի թեկնածուն ինքն է, բայց քանի որ հասկանում է նաեւ, որ որեւէ մեկն իր թեկնածությունը չի առաջադրի եւ պաշտպանի, գերադասել է բացակայել իր համար անցանկալի նման միջոցառումից:

Եվ այսպես, նիստի ժամանակ նախկին զինդատախազ, այժմ ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Ջհանգիրյանն առաջադրել է Լեւոն Զուրաբյանի, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում ձայները կիսվել են. Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը քվեարկել են Լեւոն Զուրաբյանի օգտին, իսկ Նիկոլ Փաշինյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը՝ հօգուտ Հրանտ Բագրատյանի:

Այս քվեարկության մեջ անհասկանալի է թվում ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանինը, ով նախկինում մշտապես կատարել է Լեւոն Զուրաբյանի հրահանգները: Բայց Սարգսյանը ՀԱԿ համամասնական ցուցակում հանդես է գալիս որպես Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչ, քանի որ արդարադատության նախարարությունն իրավական առումով Լյուդմիլա Սարգսյանին չի ճանաչում ՍԴՀԿ ատենապետ: Բացի այդ, Սարգսյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, Բագրատյանը կարող է ավելի լավ խմբակցության ղեկավար լինել, քան Լեւոն Զուրաբյանը: Բայց ի վերջո հենց նրան է վիճակված եղել փոխելու իրադարձությունների ընթացքը:

Լեւոն Զուրաբյանը քվեարկությունից անմիջապես հետո շեֆին զեկուցել է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, եւ կարող է տեղի ունենալ անկանխատեսելին: Իսկ անխուսափելին այն կլիներ, եթե հաջորդ քվեարկությանը մասնակցեր Ստեփան Դեմիրճյանը: Տեր-Պետրոսյանը չէր կարող ազդել Դեմիրճյանի վրա եւ նրան հրահանգել, թե ինչպես կամ ում օգտին քվեարկի, եւ պարզ է, որ Դեմիրճյանը կնախընտրեր քվեարկել Հրանտ Բագրատյանի օգտին, քան Զուրաբյանի:

Իրավիճակը շտկելու համար Տեր-Պետրոսյանը Գագիկ Ջհանգիրյանին հրահանգում է իր անունից Լյուդմիլա Սարգսյանին փոխանցել, որ լինելու է նոր քվեարկություն, եւ այդ ժամանակ ինքը պետք է քվեարկի Լեւոն Զուրաբյանի օգտին: Տիկին Սարգսյանը հենց այդպես էլ անում է, քանի որ համամասնական ցուցակի 6-րդ համարը լինելու համար պարտական է Տեր-Պետրոսյանին: Նոր կազմակերպված քվեարկության ժամանակ Զուրաբյանը ստանում է չորս, իսկ Բագրատյանը՝ երկու «կողմ»: Այսպես ասած, ժողովրդավարական եւ մրցակցային ընտրությունների արդյունքում հաղթում է ավելի շատ ձայն ստացած թեկնածուն:

Ինչպես տեսնում ենք, համազգային առաջնորդն ամեն տեղ ստիպված է լինում պայքարել խառնակիչների դեմ եւ կանխել նրանց կողմից կազմակերպվող դավադրությունները: Բայց քանի որ դա անելն անընդհատ դառնում է ավելի ու ավելի դժվար, չի բացառվում, որ մի օր էլ դառնա անհնարին»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ