News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ից Ուզբեկստանի հեռանալու որոշումը ոչ պատահական էր, ոչ էլ անսպասելի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ Ուզբեկստանը երկրորդ անգամ է դուրս  գալիս ՀԱՊԿ-ից: Առաջին անգամ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ից դուրս էր եկել 1997-99թթ, երբ կատարվեց ՀԱՊԿ-ի վերանորոգում, երկարացվեց պայմանագիրը, երեք երկրներ` Ուզբեկստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը դուրս եկան, մնացին 6 երկրներ: Դրանից հետո մի քանի տարի անց 2006-2007թթ Ուզբեկստանը վերադարձավ ՀԱՊԿ ու հիմա նորից դուրս եկավ: 

Քաղաքագետի խոսքով` տարբեր երկրների համար ՀԱՊԿ-ից դուրս գալու պատճառները տարբեր են, բայց Ուզբեկստանի դեպքում դրանք բավականին  հասկանալի են: «Ուզբեկստանն ունի շատ լուրջ խնդիրներ Տաջիկստանի հետ` Ջերրիի ռեսուրսների հետ կապված: Տաջիկստանը հիմա ուզում է կառուցել մեծ հիդրոէլեկտարակայան, ներքեւի գետերը ջուր չեն բերի Ուզբեկստանին: Վերջին տարիներին շատ լարված են Ուզբեկստան-Տաջիկստան հարաբերությունները: Ուզբեկստանը վերադարձել էր ՀԱՊԿ` հույս ունենալով, որ Ռուսաստանը կաջակցի իրեն այս հարցերում: Օրինակ` Ռուսաստանը  կազդի Ղրղըզստանի վրա, որպեսզի ուզբեկներին չարտաքսեն այդ երկրից, կամ համոզի Տաջիկստանին` լուծելու ջրային ռեսւրսների հետ կապված հարցերը»,- ասաց նա:

Իր հարեւան երկրների հետ կապված խնդիրները լուծելու համար ՀԱՊԿ-ում միանշանական աջակցություն չստանալով` Ուզբեկստանի մնալն այդ կազմակերպությունում անիմաստ է:

Ստեփան Գրիգորյանը նշեց, որ  ՀԱՊԿ-ն մի կազմակերպություն է, որի արդյունավետությունն այդքան բարձր չէ եւ դա ակնհայտ է: Դա, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը, որպես գլխավոր դերակատարություն ունեցող երկիր, ռեսուրս չունի օգնելու այդ երկրներին:  «ՀԱՊԿ-ում մնալով Ուզբեկստանի խնդիրները չեն լուծվում, ուրեմն` ինչ իմաստ ունի մնալ: Բացի այդ, եթե դու ՀԱՊԿ անդամ ես, այլ անվտանգության կազմակերպության անդամ չես կարող լինել, կամ եթե ՀԱՊԿ-ի անդամ ես, ինչ-որ մինուսներ քո վրա տարածվում են»,- ասաց նա:

«Օրինակ` Ուզբեկստանն ուզում է Արեւմուտքի հետ իրականացնել տարբեր էներգետիկ ծրագրեր, բայց ՀԱՊԿ-ի անդամ լինելով նա ինչ-որ պարտավորություններ է ստանձնում, պրոբլեմներ է ունենում Աֆղանստանի, Պակիստանի հետ: ՀԱՊԿ-ի անդամ լինելը ոչ միայն հնարավորություն է, այլեւ պարտավորություններ են»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նրա կարծիքով` Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ի վրա էականորեն չի ազդի, որովհետեւ ՀԱՊԿ-ում Ուզբեկստանն այդպես ակտիվ չէր, օրինակ`  ուղղակիորեն չի ազդի ռազմատեխնիկական իմաստով, որովհետեւ այդ երկիրն իր զորքերը, ռազմական ստորաբաժանումներ չէր ուղարկում: Բայց քաղաքական իմաստով կազդի, որովհետեւ եթե ՀԱՊԿ-ից դուրս է գալիս երկիր,  քաղաքական իմաստով կառույցի վարկանիշն իջնում է:

Քաղաքագետի համոզմամբ, Ուզբեկստանի այս քայլը որեւէ ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա` որպես ՀԱՊԿ անդամ: «Մենք չպետք է միամիտ լինենք. ոչ մի կենտրոնական ասիական երկիր չի օգնի Հայաստանին  Ադրբեջանի հետ կոնֆլիկտի ժամանակ»,- ասաց նա` հավելելով, որ դա վերաբերում է նաեւ Տաջիկստանին, Ղրղըզստանին, որովհետեւ նրանք եւս իրենց խնդիրներն ունեն:

Նշենք, որ հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի քարտուղարություն կազմակերպության գործունեությանը իր մասնակցությունը դադարեցնելու որոշման մասին նոտա է ներկայացրել:

Ուզբեկստանն ավելի վաղ արդեն դուրս եկել էր ՀԱՊԿ-ից. 1999թ. Տաշքենդը հրաժարվել էր երկարացնել պայմանագիրը, այնինչ 2006թ. կրկին վերականգնել էր անդամությունը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը  (ՀԱՊ) ստորագրվել է  1992թ. մայիսի 15-ին: Համաձայնագիրը ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի իրավունք է տալիս ցանկացած պահի լքել կազմակերպությունը:  Ուզբեկստանի անդամությունը դադարեցվելուց հետո ՀԱՊԿ-ի անդամներ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ