News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական համալսարանի «Ժուռնալիստիկայի» ֆակուլտետն այս տարի մոտ 180 դիմորդ ունի, ինչը նախորդ տարիների համեմատ բավականին բարձր ցուցանիշ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանավոր հաղորդակցության մշակույթի քննական հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը: Ֆակուլտետում տեղերի քանակը սահմանափակ է` 65 տեղ, որոնցից 5-ն է անվճար:

Եթե տարիներ առաջ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ էր հանձնել »Հայոց լեզու եւ գրականություն», անգլերեն գրավոր, ստեղծագործական մրցույթ գրավոր եւ «Հայ գրականություն» բանավոր քննություններ, ապա այժմ դիմորդները հանձնում են «Հայոց լեզու եւ գրականություն» գրավոր, ստեղծագործական աշխատանք եւ բանավոր հաղորդակցության մշակույթ` բանավոր:

Այսօր NEWS.am-ի թղթակցի այցելության ժամանակ ԵՊՀ-ում կայանում էր «Բանավոր հաղորդակցության մշակույթ» քննությունը, որի ժամանակ ստուգում են դիմորդների ընդհանուր իմացությունը, լրատվական դաշտից տեղեկացվածությունը, մտածողությունը եւ այլն: Հանձնաժողովի նախագահը դիմորդների մակարդակը գնահատեց միջինից բարձր, «պատկերը գոհացուցիչ է»: Մեր այցելության ժամանակ արդեն արձանագրվել էր առաջին 20, 19, 18 միավորները, նաեւ դրական միավորի շեմը չհաղթահարելու դեպքեր

Ապագա լրագրողները քաշում էին տոմսը, պատրաստվում եւ մոտենում երեք հանձնաժողովներից մեկին, իսկ ներքեւում ծնողները հեռուստացույցների էկրանին ուշի ուշով հետեւում էին իրենց երեխայի պատասխանին: Դրսում էլ դիմորդները ծանոթանում էին միյանց հետ, զրուցում միմյանց հետ, հետաքրքրվում, թե ով ինչ է ստացել, շնորհավորում արդեն քննությունից դուրս եկողներին:

Ընդհանուր առմամբ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմորդները նշեցին, որ իրենց համար ամենադժվարն այս քննությունն է, քանի որ հարցերի կոնկրետ շրջանակ չկա եւ չես կարող կանխատեսել, թե ինչ կհարցնեն: Մեզ հետ զրույցում ապագա լրագրողները հիմնականում ցանկություն էին հայտնում աշխատել որպես հեռուստալրագրող,ասում էին, որ շատ են սիրում ժուռնալիստի մասնագիտությունը եւ միայն մտածում են ընդունվելու մասին: Ծնողները եւս նշում էին, որ այդ ֆակուլտետ դիմել են, որովհետեւ երեխաներն են այդպես ցանկացել:

Նաղաշ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ տարեսկզբից բազմաթիվ հանդիպումներ են եղել դիմորդների հետ, նրանց հետ քննարկել են այդ քննության հարցերը եւ այլ մանրամասներ: «Մենք հասել ենք բոլոր դիմորդներին, քննել ենք միասին խնդիրը, խոսքը վերաբերելու է ընտրած ոլորտի վերաբերյալ դիմորդների իմացությանը, գիտի դիմորդը Հայաստանում ռադիո, հեռուստատեսություն, լրատվական գործակալություն գոյություն ունի, ինքը որին կցանկանար թղթակցել, ինչ խնդիրներ է տեսնում, ինչը կցանկանար փոխել»,- ասաց նա:

Հարցին, թե հեռավոր գյուղերից եկող դիմորդները, ովքեր չեն մասնակցել այդ հանդիպումներին եւ համացանց չունեն, որպեսզի տեղեկանան այդ ամենի մասին, ինչ պետք է անեն, հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ դեռեւս հեռավոր գյուղերից եկած դիմորդները շատ ավելի իրազեկ են: Բայց եթե հանկարծ ինչ-որ մի դիմորդ լինի, ով հեռավոր գյուղից է, շատ պատրաստված, խելացի, գրագետ, պարզապես կենցաղային պայմաններից ելնելով չի օգտվում համացանցից եւ այլն, ապա հանձնաժողովը այնքան խոհեմություն կունենա, որ հեռավոր գյուղից եկած մի երեխա այդ ամենի հնարավորություն չի ունեցել, բայց կարդացած է, ապա որեւէ խնդիր չկա:

Քննական հանձնաժողովում ընդգրկված են լրագրության ոլորտի, ֆակուլտետի ներկայացուցիչներ, ովքեր, Նաղաշ Մարտիրոսյանի հավաստմամբ, կպահեն օբյեկտիվության տառն ու ոգին, իսկ եթե չպահեն, թող Հայաստանի բոլոր լրատվամիջոցներում խոսեն այդ մասին:

Անդրադառնալով ժուռնալիստի մասնագիտության հանդեպ աճող հետաքրքրությանը` Նաղաշ Մարտիրոսյանը դա մի կողմից մեկնաբանեց այն հանգամանքով, որ այն ժամանակակից եւ կարեւոր մասնագիտություն է, մյուս կողմից էլ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի օրեցօր աճող հեղինակությամբ: Դեկանի վստահեցմամբ` այդ ֆակուլտետում ծրագրերը անընդհատ թարմացվում են, կատարվում են փոփոխություններ, դասախոսներ են ներգրավում դրսից, ֆակուլտետում դասավանդում են լրագրության ոլորտում հայտնի մասնագետներ եւ այլք:

Մանրամասները` տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ