Այսօր` հուլիսի 1-ին ժամը 18.00-ին, Գնահատման եւ թեստավորման կենտրոնում ավարտվում են միասնական  քննությունների լրացուցիչ երկրորդ փուլին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ սա վերահանձնում չէ, եւ քննությունների լրացուցիչ երկրորդ փուլին մասնակցելու համար դիմում-հայտ են ներկայացնում այն դիմորդները, ովքեր չէին կարողացել մասնակցել առաջին փուլին, բացակայել էին: Օրինակ` այդ քննություններին կարող են մասնակցել բանակից զորացրվածները,  սփյուռքի մեր հայրենակիցները, Հայասատանի այն քաղաքացիները, ովքեր օտաերկրյա պետություններում ավարտել են ուսումնական հաստատությունները եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները: ԳԹԿ-ն ստացել է ավելի քան 700 հայտ, բայց ժամ առ ժամ պատկերը կարող է փոխվել: Լրացուցիչ երկրորդ փուլի քննությունները սկսում են հուլիսի, 2-ին եւ կկայանան ամեն օր` մինչեւ հուլիսի 8-ը ներառյալ:

Գայանե Մանուկյանը նաեւ նշեց, որ  զուգահեռաբար ընթանում են բանավոր կենտրոնացված եւ ներբուհական քննությունները: Ինչ վերաբերում է քննական արդյունքների ամփոփմանը, ապա հուլիսի  8-ին, քննությունները ավարտվելուց հետո, մրցութային հանձնաժողովը կանցնի աշխատանքի եւ ըստ արդյունքների` կորոշի անցումային միավորները: Արդեն հուլիսի 15-ին դիմորդները կիմանան` ով որտեղ է ընդունվել եւ անվճա՞ր, թե՞ վճարովի:

Առայժմ ԳԹԿ-ն ձեռնապահ է մնում որեւէ միջին միավոր հրապարակելուց, քանի որ երկրորդ փուլի քննությունները դեռ չեն կայացել եւ պատկերը կարող է փոխվել: «Դեռ շտեմարանները ներմուծվելու ժամանակ, ԳԹԿ-ն կանխատեսել էր, որ քննությունների միավորները բարձր կլինեն, հետեւաբար` մրցութային շեմը կբարձրանա»,- ասաց Գայանե Մանուկյանը:

Անդրադառնալով նախորդ շաբաթ կայացած ներբուհական քննություններին` Գայանե Մանուկյանը նշեց, որ հիմնականում արձանագրվել են միջին ցուցանիշներ: Իսկ նախորդ շաբաթ կայացել էին բանավոր քննություններ` հայոց լեզու եւ հայ գրականությունից, օտար լեզուներից` ռուսերեն, անգլերեն, գերմաներեն,  բանավոր հաղորդակցման մշակույթից եւ այլն: Ինչ վերաբերում է այդ քննությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերին` արտասուքներ, դիմորդների նկատմամբ բռնություն ծնողների կողմից, ապա ԳԹԿ մամուլի խոսնակն ասաց. «Նմանատիպ միջադեպերը ցավալի ու դատապարտելի են: Ծնողների խստապահությունը երեխաների հանդեպ պետք է լինի  12 տարվա ուսումնառության ժամանակ, ծնողը  պետք է խստապահանջ լիներ եւ դպրոցից գիտելիք պահանջեր, հետեւեր երեխային»,- ասաց նա:

ԳԹԿ մամուլի խոսնակը նշեց, որ ծնողները հաճախ իրենց պահվածքը բնութագրում են այսպես, որ «այդքան գումար են վատնել, իրենց զրկել են շատ բաներից, երեխաներին տվել են կրկնուսույցների մոտ պարապմունքի, նրանք խոստացել են 20 միավոր, բայց երեխան ցածր է ստացել»:

Խնդիրը, նրա կարծիքով, այն է, որ կրկնուսույցները վերցնելով մեծ գումարներ, խոստանում են մեծ արդյուքններ, մինչդեռ մեկ տարվա մեջ հասնել մաքսիմում արդյունքների` 12 տարվա գիտելքի ամբարելով, քիչ հավանական է:

«Մեր հասարակությունում ցավոք սրտի քննություն տալն է կարեւոր, եւ ոչ թե կրթություն ստանալը: Իսկ բանավոր քննության ժամանակ արձանագրված արցունքները գիտելիքների պակասության հետեւանք են, ոչ թե հանձնաժողովի անարդարության»,- ասաց նա:

Ի դեպ, քննական հանձնաժողովներում: ընդգրկված են դասախոսներ` տարբեր բուհերից, ուսուցիչներ` դպրոցներից, իսկ ԳԹԿ ներկայացուցիչները մասնակցում են քննություններին` հետեւելով ընթացքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե ինչպես անգլերեն բանավոր քննության ժամանակ 13 միավոր ստացած դիմորդին մայրը ծեծի ենթարկեց, իսկ մեկ այլ դիմորդի նկատմամբ «բռնություն» կիրառեց եղբայրը` քննաթերթիկով ապտակելով նրան: