Կովկասում խոշորագույն առցանց տուրիստական գործակալությունը՝ Ginosi.com-ը, ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը «Հարսնաքար» ռեստորանի հետ՝ կապված այդ ռեստորանում զինվորական բժիշկ Վահե Ավետյանի դաժան ծեծի հետ, որի հետեւանքով վերջինս մահացել է:

«Լինելով սոցիալական պատասխանատու ընկերությունը, մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել «Հարսնաքար» ռեստորանի ներառումը ginosi.com կայքի հյուրանոցների ցանկում, մինչեւ քննությունը պարզի, թե ինչն է եղել հունիսի 17-ին «Հարնսաքար» ռեստորանում տեղի ունեցածի պատճառը, որը հանգեցրել է Վահե Ավետյանի մահվան:

Մենք չենք կարծում, որ դա խոչընդոտ կլինի ginosi.com-ի բիզնեսին, քանի որ հաճառորդները կարող են Սեւանի ափրին այլընտրանքային մի քանի հյուրանոցներից ընտրություն կատարել»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ginosi.com-ը խոշորագույն առցանց զբոսաշրջային ընկերությունն է Կովկասում, որը ներկայացված է Հայաստանում եւ Վրաստանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Վերջինս 13 օր կոմայի մեջ գտնվելուց հետո, հունիսի 29-ի երեկոյան մահացել է: Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: