News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շփման գծում իրավիճակն ապակայունացնելով Ադրբեջանը նպատակ ունի խանգարել բանակցային գործընթացը, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետեւ տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` «Հայ զինվոր» թերթին տված հարցազրույցում:

«ԼՂ խնդրի կարգավորման ընթացքը ակնհայտորեն ձեռնտու չէ Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն խուսափել եւ խուսափում է ձեռքբերված պայմանավորվածություններից՝ բանեցնելով զանազան հնարքներ, խաթարելով զարգացումների բնականոն ընթացքը։

Այդ հնարքներից մեկն էլ սահմանային ընդհարումներ հրահրելն է։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական «հռետորաբանության» ողջ զինանոցը՝ սպառազինության մրցավազք, դիպուկահարների պայքար առաջնագծում, սահմանային բախումներ, ստեղծելով խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք եւ ձախողելով վերջնական հանգուցալուծումը։ Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է, չերաշխավորված եւ անհնար»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով, այս ոլորտում միջազգային նորմերը հստակ են եւ դուրս Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակից, մասնավորապես՝ ուժ չկիրառելու դրույթը եւ ազգերի ինքնորոշման գաղափարի առկայությունը չեն կարող ազդեցություն չունենալ եւ չկատարել զսպիչ գործառույթ։ «Նույնը վերաբերում է նաեւ սպառազինության մրցավազքը կանխելուն միտված ջանքերին ու վերահսկողությանը, ինչը բացարձակ հակոտնյա է Ադրբեջանի նկրտումներին։ Անկասկած, միջազգային արձագանքը կարող էր ավելի խիստ ու կտրուկ լինել, թույլ չտալով Ադրբեջանին ոտնահարելու միջազգային ընդունված չափանիշները։ Ասել, որ միջազգային արձագանքը միանգամայն անտարբեր էր Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների հանդեպ, ճիշտ չի լինի։

Եղան քննարկումներ, քննադատություն։ Բայց, ակներեւ է, որ մենք ավելի խիստ ու դատապարտող արձագանք էինք ակնկալում, որովհետեւ Ադրբեջանը դիվերսիոն գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղափոխեց Հայաստան, ստեղծելով անհանդուրժելի նախադեպ»,-ասել է նա:

Սեյրան Օհանյանը համոզված է, որ Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիան ծրագրավորված էր եւ ղեկավարվում էր կենտրոնից, բայց չի բացառվում, որ ներքին օղակներում շատերը զբաղվեն ինքնագործունեությամբ եւ սեփական նախաձեռնությամբ կազմակերպեն որեւէ զինված գործողություն հայկական դիրքապահ ուժերի դեմ։

Անդրադառնալով ադրբեջանական գործողություններին հայկական կողմի պատասխանին, պաշտպանության նյախարարն ասել է. «Մինչ օրս մեր պատասխանը եղել է ոչ համաչափ, եւ Ադրբեջանն ունեցել է 5 անգամ ավելի մեծ կորուստներ։ Անհասցե, անկանոն ու անիմաստ կրակոցներին մենք չենք պատասխանում, իսկ նպատակաուղղված գործողություններին եւ դիպուկ կրակոցներին արագ արձագանքման խմբերը տալիս են խիստ պատասխան՝ հակառակորդին պատճառելով մարդկային եւ նյութական կորուստներ բազմապատիկ գերազանցությամբ»:

Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, նախարարն ընդգծել է, որ նման վտանգ միշտ էլ:

«Որքան զգոն ու աչալուրջ լինեն առաջնագծի ուժերը, նույնքան քիչ կլինեն կորուստները։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական հարձակումը կասեցվել է զինվորական արհեստավարժության բարձր մակարդակով։ Յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր զինվորի կյանք շատ թանկ է մեզ համար, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել զինվորի անվտանգությունը հակառակորդի զինված հարձակման ժամանակ։ Առաջնագծում երկրի սահմանների պաշտպանությունը իրականացվում է լիարժեքորեն։ Անվտանգության առումով արված է հնարավոր ամեն ինչ։ Հարցը մարդկայնորեն հասկանալի է ինձ՝ որպես պաշտպանության նախարարի։

Պատասխանս էլ պիտի ըմբռնելի լինի հասարակությանը։ Մարտական գործողությունների ժամանակ մարդկային կորուստներն անխուսափելի են։ Ի պատիվ մեր զինվորների՝ պիտի ասեմ, որ Հայաստանի սահմանները պաշտպանվում են քաջաբար։ Ես հպարտությամբ պիտի նշեմ, որ ունենք հայրենասեր, հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը չխնայող, խիզախ ու արիասիրտ զինվորներ, որոնք ամուր կանգնած են առաջնագծում ու թույլ չեն տալիս հակառակորդին շարժվել առաջ»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ