News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է «Հարսնաքարում» կատարվածի դատապարտման խոսք եւ իրավիճակի բեկման քայլեր:

«Ժառանգության» հայտարարությունում ասվում է.

«Այսօր հողին հանձնվեց 35-ամյա Վահե Ավետյանի աճյունը, ում ողբերգական մահը ցնցեց հասարակությանը եւ ծանր հուշեր արթնացրեց անպատժելիության մթնոլորտից ծնված այլ վայրագությունների ու զոհերի մասին, որոնց ցավալիորեն բազմիցս ականատես ենք եղել:

Խորապես ցավակցում ենք Ավետյանի ընտանիքին, ազգականներին, գործընկերներին եւ խստագույնս դատապարտում նրա մահվան պատճառ հանդիսացած դաժան ծեծի մասնակիցների հանցագործությունը, ինչպես նաեւ նրանց չարգելողների ու չզսպողների մեղսագործ անտարբերությունը: Թեեւ թերահավատությամբ` ակնկալում ենք, որ հանցանքն ամբողջությամբ բացահայտելու եւ մեղավորներին խստագույնս պատժելու մասին իրավապահ մարմինների հավաստիացումները  կհաստատվեն արդյունքներով:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում մահվան ելքով հանցագործության համար մեծագույն բարոյական պատասխանատվությունը կրում է համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Ցանկանում ենք հավատալ, որ կատարվածի դատապարտման վերաբերյալ նրա խոսքերն անկեղծ են, եւ Հայրապետյանը խորհում է ԱԺ պատգամավորի մանդատից բխող բարոյական պատասխանատվության եւ կատարվածից հետո մանդատից հրաժարվելու բարոյական հարկադրանքի մասին:

Միեւնույն ժամանակ` կատարվածի պատճառ համարելով Հանրապետությունում չփարատվող անպատժելիության մթնոլորտը, երկրի նախագահից պահանջում ենք կատարվածի դատապարտման խոսք եւ իրավիճակի բեկման քայլեր»:

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ