News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` հուլիսի 2-ին, բողոքի երթ է տեղի ունեցել կապված «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության հետ:

Ցուցարարներն անցան կենտրոնի փողոցներով, հասան Ազատության հրապարակ եւ ուղղվեցին դեպի Հյուսիսային պողոտա: Ցույցին մասնակցում էին տարբեր տարիքի մի քանի տասնյակ մարդիկ, որոնց ուղեկցում էին շուրջ 15 ոստիկաններ:

Երթի մասնակիցները սեւ թեւկապներ էին կրում` իրենց հետ տանելով Վահե Ավետյանի լուսանկարը` «Ավետյանը ես եմ» ստորագրությամբ:  

Հավաքվածները սուր դժգոհության կոչեր էին հնչեցնում «Հարսնաքար» ռետորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դեմ` հայտարարելով, որ այսօր նա «կնքել է իր մահկանացուն` որպես օլիգարխ եւ բեսպրեդելի կազմակերպիչ»: 

«Նեմեց - մարդասպան» վանկարկելով` երթը շարունակվեց Հյուսիսային պողոտայով դեպի Աբովյանի փողոցի սկզբնամասը:

Հիշեցնենք, ժամեր առաջ հարյուրավոր մարդիկ երթով հասել էին Վահե Ավետյանի տուն` մասնակցելու նրա հուղարկավորությանը:

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ