News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկայի միացյալ նահանգների Անկախության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 4-ին, այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ պետականության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Չափազանց ոգեւորիչ է տեսնել, որ 18-րդ դարում Ձեր երկրի հիմնադիրների կողմից հռչակված համամարդկային բարձրագույն արժեքներն այսօր էլ արդիական են հատկապես աշխարհի այն ժողովուրդների համար, որոնք դեռ պայքարում են հանուն անկախության, ազատության, արդարության եւ հավասարության:

Այս տարի մենք նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Հպարտորեն պետք է ընդգծեմ, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում եւ այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խոր պատմություն ունեն, եւ դրանցում հատկապես մեծ եւ տեսանելի դեր ունի ամերիկահայ համայնքը, որը բազմաթիվ ամուր կամուրջներով կապել է մեր երկրները: Միջպետական հարաբերությունների երրորդ տասնամյակի շեմին մենք շարունակում ենք խորապես շահագրգռված մնալ Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի գործընկերային սերտ հարաբերությունների հետագա զարգացմամբ:

Հայ ժողովուրդը երախտապարտ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ անկախության վերանվաճումից ի վեր Հայաստանին համակողմանի եւ շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Բարձր գնահատանքի են արժանի նաեւ արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ձեր երկրի ջանքերը:

Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ժողովրդին խաղաղություն եւ բարօրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ