News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայրենակիցներին շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, շնորհավորական ուղերձում ասված է.

«Սիրելի' հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարեւորագույն տոներից է, որով մենք մեր նվիրվածությունն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի մեջ ամրագրված արժեքներին ու իդեալներին:

Մեր Սահմանադրության կարեւոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության եւ սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման: Այստեղ պետք է խոստովանենք, որ ունենք խնդիրներ: Ակնհայտ է, որ Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ անկախ որեւէ հատկանիշից օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, առօրյա կյանքում պետք է անվերապահորեն դրվեն մեր հասարակության եւ պետության մեջ առկա հակասությունների լուծման հիմքում:

Միայն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապի մեջ պետությունը կարող է դառնալ իրապես ժողովրդավարական եւ կառուցել քաղաքակիրթ հասարակարգ, որում ազատությունը եւ հասարակական կարգը լիովին հավասարակշռված են: Հասարակական համերաշխության համար պատասխանատու ենք բոլորս, հասարակության բոլոր շերտերը, եւ բոլորիս պարտքն է համատեղ ջանքերով օր առաջ վերացնել հռչակված արժեքների եւ իրականության մեջ առկա խզումը: Այս ճանապարհին մեր ամենահուսալի հենարանը դարձյալ Սահմանադրությունն է՝ նրա տառն ու ոգին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ այն հաստատ համոզմունքով, որ մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ