News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությանն առնթեր Պետական գույքի կառավարման վարչությունը հերքում է Մամուլի շենքը վաճառելու մասին լուրերը:

Այս առնչությամբ Վարչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Այս տարվա մայիսին լրացել է պետական սեփականություն հանդիսացող  Մամուլի շենքում անհատույց եւ վարձակալական հիմունքներով տարածք զբաղեցնող կազմակերպությունների  պայմանագրերի մեծ մասի ժամկետը:

Վարչությունում քննարկվել են պայմանագրերի վերակնքման սկզբունքները, միաժամանակ  ուսումնասիրություն է կատարվել, թե ովքեր  են պետական սեփականության հատկապես անհատույց  օգտագործողները, ինչքանո՞վ են կապված լրատվական դաշտին ու ինչքանո՞վ են ծառայում հանրությանը տեղեկատվությամբ ապահովելու կարեւոր գործին:

Ինչպես եւ սպասվում էր, պարզվել է, որ միանշանակ՝ ոչ բոլորը: Ավելին, շենքում եղել են դեպքեր, երբ  անհատույց օգտագործողներն, իրենց կողմից տնօրինվող տարածքները եկամտի աղբյուր են դարձրել եւ շուկայական գներով վարձակալության տալով՝  գումարներ վաստակել: Ի դեպ, նույն խնդիրները կան նաեւ Իսահակյան-28 հասցեով շենքում:

Վարչությունը հստակ պայմաններ է առաջարկում թե անհատույց եւ թե վարձակալությամբ տարածքներ տրամադրելու համար՝ բացառելով ենթավարձակալության տարբերակները:

Նման իրավիճակում ակնհայտ է, թե ովքեր եւ ինչու են շրջանառության մեջ դնում լուրը, թե իբր Մամուլի  տանը « նեղում են լրատվամիջոցներին»: Ի դեպ,  նույն աղբյուրներից են ծնվում նաեւ Մամուլի շենքը մասնավորեցնելու մասին ստահոդ լուրերը, որոնք նույնպես պարբերաբար հերքվում են Վարչության կողմից:

ՊԳԿ վարչությունը մտադիր է Արշակունյաց-2ա եւ Իսահակյան-28 հասցեներով  անհատույց օգտագործման համար պայմանագրերը վերակնքել միմիայն մամուլի իրական եւ գործող բարեխիղճ ներկայացուցիչների հետ՝ իրենց գործունեությունը շարունակելու նպատակով,  հիմք ընդունելով նախկինում վերջիններիս հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարված լինելու  փաստը: Մյուսներին առաջարկվելու են վարձակալության տարբերակներ:

Իբրեւ ամփոփում կրկին ցանկանում ենք հավաստիացնել, որ շենքում տեղակայված գործող լրատվամիջոցներն անհանգստանալու որեւէ հիմք չունեն. Մամուլի շենքում գործող իրական լրատվամիջոցները կշարունակեն մնալ անհատույց օգտագործողներ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ