News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման գործընթացում այսօրվա դրությամբ ոչ մի նոր բան սպասել չարժե: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` խոսելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի Հայավային Կովկաս սպասվող այցի մասին: Նրա խոսքով, բանակցային գործընթացում այս կամ այն փոփոխությունների համար պետք է նախադրյալներ լինեն:

«Այստեղ կա մի քանի ասպեկտ, որոնք թույլ են տալիս նման պնդում անել եւ դրանցից յուրաքանչյուրը պետք է առանձին դիտարկել: Նախ, ԼՂ խնդիրը պետք է քննարկել համաշխարհային աշխարհաքաղաքական սցենարների զարգացման համատեքստում, այդ թվում Մերձավոր Արեւելքում, իսկ այդ տարածաշրջանում ստեղծավ իրավիճակը չի նպաստում դրան:

Երկրորդ, Ադրբեջանը խոչընդոտում է դրան` հանդես գալով ռազմատենչ հայտարարություններով, որն իր մեջ կրում է ռասիզմ, ֆաշիզմ, հայատյացություն:

Երրորդ, գոյություն ունեցող ձեւաչափը հնարավոր ձեւաչափերից մեկն է, որը 20 տարվա ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանը մարտնչում է ԽՍՀՄ ժամանակների իրեն լիովին սպառած ձեւաչափով»,- ընդգծել է Բաբայանը` հստակեցնելով, որ արդյունավետության տակ հասկանում է խաղաղության, ստատուս քվոյի պահպանումը, ինչն ինքնին առաջընթաց է:

Այս համատեքստում, պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, ինչպես նաեւ Զանիերի տարածաշրջան կայանալիք այցը հանգեցնել բանակցություններում առաջընթացի, Բաբայանն ասել է հետեւյալը.  «Աշխարհի շատ թեժ կետերում պարզապես երազում են, որ իրավիճակը գոնե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու նման լինի: Հարաբերական կայունությունն արդեն մեծ առաջընթաց է: Ավելին ակնկալել չարժե»:

Բացի այդ, ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարի խոսքով`վերեւում կարճ նկարագրված Ադրբեջանի պահվածքը, հաշվի առնելով նրա ժամանակավոր անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին, ապտակ էր միջազգային իրավունքին, եւ այդ պայմաններում ստեղծված իրավիճակի պահպանումը եւ հակամարտության սրացումը թույլ չտալն արդեն ձեռքբերում է:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հուլիսի  8-12-ին տարածաշրջանային այցով կայցելի Հարավային Կովկասի երկրներ:

Իր այցը ԵԱՀԿ-ի ղեկավարը կսկսի Բաքվից` հուլիսի 8-9-ին, ինչից հետո կուղեւորվի Վրաստան, որտեղ կլինի Թբիլիսիում եւ Բաթումում, իսկ հուլիսի 11-12-ին կժամանի Երեւան:

Այցի շրջանակում ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի երեք պետությունների ղեկավարության հետ, կքննարկի ռազմաքաղաքական , ինչպես նաեւ տնտեսական, շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ