News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի այցը Հարավային Կովկաս հարկ է դիտարկել տարածաշրջանի նկատմամբ աճող հետաքրքրության համատեքստում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

«Այսօր աճում է Սիրիայի շուրջ լարվածությունը: Արեւմուտքն անշեղորեն խստացնում է դիրքերն Իրանի նկատմամբ, եւ այդ պայմաններում Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել աշխարհաքաղաքական հարթություն` փորձելով այդկերպ ստանալ արտաքին ուժերի աջակցությունը, մասնավորապես` տարածաշրջանում Արեւմուտքի շահերի լոբբինգով զբաղվող երկրների», - ասաց զրուցակիցը` որպես այդպիսիք մատնանշելով Իսրայելը եւ Վրաստանը:

Այս համատեքստում, ինչպես նշեց խորհրդարանականը, Հարավային Կովկասի երկրներն այսօր կանգնած են ընտրության առաջ:

«Եվրոատլանտյան դաշինքի երկրները տարածաշրջանին մի վեկտոր են առաջարկում, Ռուսաստանը` մեկ այլ: Բայց այստեղ մեկ նրբություն կա: Արեւմուտքը Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ հավասար աշխատանք է տանում, իսկ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Վրաստանի հետ, այս առումով Մոսկվան տանուլ է տալիս դիվանագիտական ջանքերի արդյունավետության ցուցանիշով», - նշել է Աթանեսյանը` հավելելով, որ դրան չի նպաստում այդ պետության ղեկավարի վերջերս կատարված փոփոխությունը, ինչի պատճառով վերջինս դեռ լիարժեք չի ներգրավվել քաղաքական գործընթացներում:

Ընդհանրացնելով, զրուցակիցն ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների համար ամենախելամիտը կլիներ զարգացման երրորդ ուղին` տարածաշրջանային ինտեգրման եւ համագործակցության, բայց, քանի որ Ադրբեջանը դա պայմանավորում է իր ամբիցիաներով, դեպքերի նման զարգացումն անհնար է դառնում: «Ստեղծված իրավիճակում երեք պետություններից յուրաքանչյուրը պետք է գոյություն ունեցող տարբերակներից իր ազգային շահերին ամենաշատը համապատասխանողն ընտրի», - ասաց նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, Վահրամ Աթանեսյանը վստահություն հայտնեց, որ Զանիերի այցը ոչ մի առաջընթաց չի կանխատեսում: «Դրա համար ոչ մի նախադրյալ չկա», - նշեց նա:

Ինչպես հաղորդել էր  NEWS.am-ը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հուլիսի  8-12-ին տարածաշրջանային այցով կայցելի Հարավային Կովկասի երկրներ:

Իր այցը ԵԱՀԿ-ի ղեկավարը կսկսի Բաքվից` հուլիսի 8-9-ին, ինչից հետո կուղեւորվի Վրաստան, որտեղ կլինի Թբիլիսիում եւ Բաթումում, իսկ հուլիսի 11-12-ին կժամանի Երեւան:

Այցի շրջանակում ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի երեք պետությունների ղեկավարության հետ, կքննարկի ռազմաքաղաքական , ինչպես նաեւ տնտեսական, շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ