News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչպես մեր ժողովուրդն այլեւս չի վստահում ու հավատում Հայ ազգային կոնգրեսի խոսքին, այնպես էլ անհատ քաղաքական գործիչներն ու թիմերը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ՀԱԿ-ից Դավիթ Շահնազարյանի դուրս գալուն:

Նրա խոսքով, եթե քաղաքական ուժն այլեւս գործունակ չէ, խնդիրներ են սկսվում հենց կառույցի ներսում: Հ. Սահակյանը նշեց, որ խորհրդարանական վերջին ընտրություններն ապացուցեցին, որ մեր ժողովուրդը սիրում, հավատում եւ վստահում է ուժեղներին ու գնում է ուժեղների հետեւից եւ դա հնուց է գալիս:

«Եթե հետադարձ հայացք գցենք, ապա կտեսնենք, որ Դավիթ Շահնազարյանը  ՀԱԿ-ից առաջին դուրս եկողներից չէ: ՀԱԿ-ը բաղկացած է բազմաթիվ քաղաքական ուժերից եւ քաղաքական գործիչներից, իսկ այսօր մնացել  է մի փոքրիկ մաս, այն էլ ակնհայտ տարաձայնություններով, ինչը, կարծում եմ, պայմանավորված է գաղափարական, ընդհանրական գործոններով»,- ընդգծեց Հովհաննես Սահակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: «Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», - ասել էր Շահնազարյանը` հրաժարվելով խոսել պատճառների մասին:

«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխություն, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային եւ բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու: Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետեւ շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»,- նշել էր  Շահնազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ