News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը տեղում իրականացրել է իր գործառույթները, եւ հենց ոստիկանության աշխատակիցների գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ խուսափել անցանկալի զարգացումներից: Այս մասին այսօր` հուլիսի 9-ին, NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից` անդրադառնալով երեկ` հուլիսի 8-ի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած բախումներին:

«Ոստիկանությունը մեկ անգամ եւս փաստում է, որ պայքարում է երեւույթների, եւ ոչ թե անձանց դեմ, եւ թե ինչ անձինք են կանգնած այդ երեւույթների հետեւում, ոստիկանության համար որեւէ նշանակություն չունի»,- հայտնեցին նրանք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սպա Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության արարողությունն ուղեկցվել է ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ: Ոստիկանությունն արգելել է հավաքվածներին մոտենալ «Հարսնաքար» ռեստորանին, ինչից հետո մարդիկ ի նշան բողոքի փակել են Աճառյան փողոցը: Կարմիրբերետավորներն ու վահաններով եւ մահակներով զինված ոստիկանները` Երեւանի փոխգնդապետ Ռոբերտ Մելքոնյանի ցուցումով, ուժ են կիրառել, հրել եւ քաշքշել մարդկանց: Ի դեպ, «Հարսնաքար» ռեստորանում է եղել նաեւ Ազգային Ժողովի պատգամավոր, Ռուբեն Հայրապետյանը, ով հարվածել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին` նրան գետին տապալելով:

Վերջինս Panorama.am կայքին ասել էր, թե Հայրապետյանի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն չի արել. «Ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ոչ ես որեւէ բան չեմ ասել, ես չեմ եկել ընդեղ ցույցին մասնակցելու ես այնտեղ եղել եմ որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան»:

Չկարողանալով մոտենալ ռեստորանին, հավաքվածները երթ են արել Բաբաջանյան  պողոտայով` դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն, որը եւս շրջապատված է եղել ոստիկանական մեծ ուժերով: Հավաքվածները վանկարկել են «Նեմեց-մարդասպան» եւ այլ կարգախոսներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ