News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հարսնաքար» ռեստորանի միջադեպը միակ դեպքը չէ, դա նմանատիպ երեւույթների շղթայի մի օղակն է, որը հանրության համբերության բաժակի վերջին կաթիլը դարձավ: Այդ մասին, այսօր` հուլիսի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի մերժումը խորհրդարանական ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նամակին, որում նրանք ԱԺ նախագահին առաջարկում էին հանդիպում կազմակերպել «Հարսնաքարում» մահացու ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործը քննող իրավապահների հետ , Ռուստամյանը նշել է Հ. Աբրահամյանի ձեւակերպումների անընդունելիությունը:  «Խոսնակը հիմնավորում է, որ իրավասություններ չունի եւ որ կատարվում է քննություն:

Բայց մենք, լինելով պատգամավորներ, հայտ ներկայացնելու հնարավորություն ունենք, իսկ ինչ վերաբերում է քննությանը, եթե մեր ինչ-որ հարցեր կարող էին «խանգարել», թող քննչական մարմինները չպատասխանեին», - նշել է Ռուստամյանը: Ըստ նրա` պատգամավորները մտադիր չեն բավարարվել Հովիկ Աբրահամյանի պատասխանով եւ մտադիր են իրենք դիմել իրավապահ մարմիններին: Ներկա պահին կազմվում են հարցեր, որոնց պատասխանը ցանկանում են ստանալ խորհրդարանականները:

Ինչ վերաբերում է միջադեպի վերաբերյալ իշխանությունների արձագանքին, ապա այն, ըստ Ռուստամյանի, կիսատ էր:

«Ռուբեն Հայրապետյանն ինքը, հայտարարելով մանդատը վայր դնելու մասին, արեց նվազագույնը: Բայց հանրությունը հարցեր ունի:

Եվ ամենակարեւորն այն է, թե արդյոք Հայրապետյանը կապ ուներ միջադեպի հետ: Իսկ դա արդեն այլ պատմություն է», - նշել է ՀՅԴ ներկայացուցիչը:

Պատգամավորն ընդգծել է, որ «Հարսնաքարի» միջադեպն իր տեսակի մեջ միակը չէ: «Այն վերջին կաթիլը դարձավ: Դրանից առաջ էլ էին դեպքեր եղել, ընդ որում` մահացու ելքով: Հարցն այն է, որ առկա է իրավիճակ, որտեղ մի կողմից ոմանց անպատժելիությունն է, մյուսի կողմից` հասարակ քաղաքացիների անպաշտպանությունը: Սա արդեն քաղաքական հարց է, եւ ակնհայտ է, որ խորհրդարանի միջամտությունն է անհրաժեշտ», - ասել է Ռուստամյանը: Պատգամավորի խոսքով` իրավիճակին խորհրդարանի միջամտության հնարավոր միջոց կարող է լինել երեւույթների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումը, լսումների կազմակերպումը:

Հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ:

Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ