News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը բողոքարկել է իր դեմ հարուցված քրեական գործը կարճելու` քննիչի որոշումը: Խոսքը վերաբերում է այս տարվա հունվարի 13-ի հայտնի «վրաերթին», երբ Գեւորգյանը մեղադրվում էր ոմն Աշոտ Ֆրանգուլյանի վրաերթի ենթարկելու եւ դեպքի վայրը լքելու մեջ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ա.Ասատուրյանը հունիսի 20-ին որոշում էր կայացրել կարճել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածի (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը) հատկանիշներով հարուցված քրգործը` հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: Քննիչի որոշումը լրագրողին հասել է հուլիսի 2-ին, եւ նա օրենքով նախատեսված յոթօրյա ժամկետում բողոքարկել է որոշումը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Գեւորգյանը նշեց, թե բողոք է ուղարկել Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանին` նշելով, որ քննիչն իրավունք չուներ գործը կարճելու: «Քննիչն իրավունք չուներ կարճելու այս հիմնավորմամբ, նա պետք է գործը կարճեր հանցադեպի բացակայության հիմքով, իսկ այդ դեպքում պարտավոր էր լինելու սուտ մատնության հոդվածով քրեական գործ հարուցել Աշոտ Ֆրանգուլյանի դեմ»,- նշեց Հայկ Գեւորգյանը:

Հարցին, թե ի՞նչ է ակնկալում բողոք ներկայացնելով, Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ մերժելու են: Ներպետական բոլոր ատյաններով անցնելու եմ, եւ վերջում դիմելու եմ Եվրոպական դատարան: Իրենք չեն ուզում գործն ուղարկել դատարան, որովհետեւ դատարանում Ֆրանգուլյանի հարցաքննության ընթացքում կապացուցեմ, որ դա ուղղորդվել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի, այն է` ոստիկանապետ Վովա Գասպարյանի կողմից»:

Գեւորգյանը ձերբակալվել էր փետրվարի 3-ին, եւ երեք օր մեկուսարանում անցկացնելուց հետո ազատ էր արձակվել` հասարակական լուրջ ճնշման շնորհիվ:  Նա հայտարարել էր, թե իր դեմ հարուցված քրգործը շինծու է, Ֆրանգուլյանը կեղծ տուժող է, իսկ իր դեմ հետապնդում է իրականացվում ոստիկանապետի մասին գրած հոդվածների պատճառով:



!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ