News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն, այսօր՝ հուլիսի 10-ին, ընդունել է նախօրեին Հայաստան ժամանած Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարին:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Իրանի ոստիկանական մարմինների համագործակցության մակարդակը, միեւնույն ժամանակ նշելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել եւ ընդգրկուն դարձնել գործընկերությունը, ինչը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների շահերից:

Մոսթաֆա Մոհամադ Նաջարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանն ու Հայաստանը եղել եւ մնում են բարեկամական, եղբայրական երկրներ, ինչն արտահայտվում է նաեւ իրավապահ ոլորտում հաստատված փոխգործակցության փորձով. դրական արդյունքներ են արձանագրվել, մասնավորապես, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, փորձի եւ տեղեկատվության փոխանակման ու մի շարք այլ ուղղություններով:

Վերստին հիշեցնելով, որ հանցավորությունը սահմաններ չի ճանաչում, Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահների համակողմանի եւ արդյունավետ աշխատանքը, նշելով նաեւ, որ դեռեւս մեծ անելիքներ կան թմրամիջոցների անօրինական շրջանառության կանխման, թմրամոլների բուժման, այս բնագավառում իրավապահների փորձի փոխանակման, տեղեկատվության փոխանակումն ակտիվացնելու եւ մի շարք այլ ոլորտներում:

Համագործակցության որակական փոփոխության դեպքում միայն, ընդգծել է Վլադիմիր Գասպարյանը, հնարավոր է ակնկալել արմատական առաջընթաց:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ  հարցեր եւս, իսկ ավարտին` ստորագրել են «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջեւ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացում ավանդական դարձած հայ-իրանական ոստիկանական համագործակցության համար:

Վերջում Մոսթաֆա Մոհամադ Նաջարը եւ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել են լրագրողների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ