News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Իջեւան քաղաքը մինչ օրս շարունակում է կրել օրեր առաջ տեղացած հորդառատ անձրեւների ու փոթորկի հասցրած վնասները, ու վիճակն այնքան ժամանակ կտեւի, մինչ կառավարությունը համապատասխան քայլեր չձեռնարկի բնական աղետից տուժած ընտանիքներին:  Տավուշի մարզում մի քանի օր տեղացած հորդառատ անձրեւներն ու ուժեղ քամին լուրջ վնասներ են հասցրել մի շարք համայնքների, մասնավորապես կաթվածահար է եղել Իջեւան քաղաքը:

Հուլիսի 9-ին տեղացած փոթորկի հետեւանքով վնասվել են բազմաբնակարան շենքերի ու սեփական տների տանիքները, ջարդել ապակիներ, ուժեղ քամին արմատախիլ է արել շուրջ 50 հաստաբուն ծառեր, փողոցներում առաջացել են խցանումներ, իսկ համայնքի անձրեւասելաֆատարերն ամբողջությամբ խցանվել են` ստեղծելով ջրհեղեղի տպավորություն:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում իջեւանցիները պատմում են, որ քամին այնքան ուժգին է եղել, որ րոպեների ընթացքում ավերել է ամեն ինչ: «Սրճարանում նստած էինք, մեկ էլ մեծ ծառը արմատախիլ արեց ու գցեց մեզ վրա, չգիտեինք ինչ անեինք, փողոցներում ջրհեղեղ էր, մի խոսքով վիճակը սարսափելի էր»,-պատմեց իջանցիներից մեկը:

Հորդառատ անձրեւների հետեւանքով, որն ուղեկցվել է փոթորկով, վնասվել են Իջեւանի առանց այդ էլ վնասված տանիքները, տներն ամբողջությամբ խոնավացել են, բնակիչները պատկան մարմիններից աջակցություն են ակնկալում: Այս օրերին լարված ռեժիմով են աշխատում Իջեւան քաղաքի կոմունալ բաժնի աշխատակիցները` բոլոր ստորաբաժանումներով, քանի որ ժամեր շարունակ քաղաքը զրկված է եղել հոսանքից:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Վաղինակ Հովսեփյանը ներկայացնելով իրավիճակը, պատմեց, որ ամեն ինչ սկսվել է հանկարծակի: «Քամու արագությունը հասնում էր մինչեւ 30մ/վ, ինչն արդեն համարվում է փոթորկաբեր քամի»,-ասաց նա: Քաղաքային իշխանություններն ու մարզային փրկարար վարչությունը անմիջապես ձեռնամուխ են եղել հետեւանքների վերացման աշխատանքներին:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն էլ ասաց, որ ստեղծված իրավիճակում առավել շատ տուժել են քաղաքի կենտրոնական փողոցները, քանի որ դրանք ավելի ներքեւ են գտնվում եւ ողջ սելավաջրերը թափվել են ներքեւ, իրենց հետ քշել բերելով ամեն ինչ: Վնասի չափերը պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով, կատարվում են գույքագրումներ:

Քաղաքապետ Վարդան Ղալումյանի համոզմամբ քաղաքի բյուջեով հնարավոր չէ վնասները վերականգնել: «Մեզ կառավարության կողմից գումարներ են անհրաժեշտ, որպեսզի կարողանանք բնակչությանը օգնել»,-ասել է նա: Այսօր երեկոյան արդեն պարզ կլինի համայնքի կրած ընդհանուր վնասի չափը, որն էլ կներկայացվի մարզպետարան ու կառավարություն: Իսկ մինչ կառավարությունը քայլեր կձեռնարկի, իջեւանցիները փորձում են իրենք իրենց ուժերով լուծել խնդիրը` տանիքների անցքերը փակելով ինչով պատահի:

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ