News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հուլիսի 13-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ-բելգիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունները ԵՄ հիմնադիր անդամ Բելգիայի հետ առավել զարգացնելու գործում:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին եւ ժողովրդին՝ անկախացումից ի վեր անցած 20 տարիներին մեր երկրին ցուցաբերած աջակցության, նաեւ բելգիահայ համայնքի նկատմամբ մշտապես բարյացակամ վերաբերմունքի համար: Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է խոսել անցյալ դարասկզբին ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդներն այսօր կազմում են բելգիահայ համայնքի կորիզը, ապաստան տալու եւ ապրելու ու արարելու պայմաններ ստեղծելու մասին:

Նախագահն ընդգծել է նաեւ, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը:

Դեսպան Գի Տրուվըրուան երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարեւորել է Բելգիայի հայ համայնքի դերը՝ ընդգծելով, որ իր երկրում նաեւ այդ համայնքի շնորհիվ մեծ հարգանքով եւ համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին եւ նրա հարուստ պատմությանն ու մշակույթին:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է միջազգային կազմակերպությունների, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում եւս հայ-բելգիական համագործակցության զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ