News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բժշիկներ Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը լիովին ապաքինվել են եւ արդեն դուրս են գրվել հոսպիտալից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանց փոխանցմամբ` բժիշկներից մեկը դուրս է գրվել հուլիսի 11-ին, իսկ մյուսը` հուլիս 14-ին: Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը արդեն անցել են ծառայողական պարտականությունների կատարմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, ով հունիսի 29-ին մահացել էր: Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ հրաժարվում է  պատգամավորական մանդատից:

Վահե Ավետյանի մահվանից հետո մի շարք նախաձեռնող խմբեր բազմաթիվ բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երեւանում եւ Սփյուռքի մի շարք համայնքներում, այդ թվում` մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանի մոտ: Ի դեպ, նրա մահվան քառասունքի օրը եւս հայտարարվել  է համահայկական մոմավառության օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ