News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 14-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2012» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի եւ ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի եւս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձեւերում:

Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի հաղթողներին՝ ուրախությամբ փաստելով, որ մրցույթը տարեցտարի ավելի մասսայական է դառնում, եւ այսօր արդեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցումներին մասնակցում են հազարավոր ընտանիքներ: Հանրապետության ղեկավարի խոսքով, մրցույթն ի սկզբանե հենց այդ նպատակն է ունեցել՝ տարեցտարի ավելացնել մասնակիցների թիվը: 

Սերժ Սարգսյանի խոսքով, մրցումներին մասնակցող ընտանիքների համար սպորտը առողջության պահպանմանը նպաստելուց բացի, նպաստում է նաեւ ընտանեկան համերաշխությանը: «Չեմ պատկերացնում անհամերաշխ ընտանիք, որ կարողանա մասնակցել այս մրցումներին եւ առավել եւս՝ հաղթանակ տանել: Իսկ ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարելու մեր կյանքում եղած դժվարությունները, օգնում է ավելի քիչ դժգոհելու եւ, ընդհանրապես, ավելի լավատես լինելու: Իսկ համերաշխ ընտանիքը համերաշխ հասարակության անհրաժեշտ եւ բաղկացուցիչ մասն է»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ անկախ նրանից, հաղթանակը մեծ է, թե փոքր՝ այն թանկ է, հատկապես, եթե ձեռք է բերվում ազնիվ պայքարում:

Հանրապետության ղեկավարը հաղթողներին է հանձնել վկայագրեր, դրամական պարգեւներ եւ հուշանվերներ:

Նախագահի կողմից «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթին մասնակցած 108 ընտանիքի երեխաներ պարգեւատրվել են նաեւ մարզահագուստներով եւ հուշանվերներով:

Միջոցառմանը ամսնակցել է նաեւ ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ