News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հիմնախնդրի կողմերը տվյալ փուլում ի վիճակի չեն ճկունություն դրսեւորելու: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը մոսկովյան  «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում:

Այս տարվա սկզբից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հանդիպումների եւ բանակցությունների վերսկսումը դեռեւս շոշափելի արդյունքներ չեն տվել: Ինչի՞ հետ եք Դուք կապում հայ-ադրբեջանական հակամարտության երկարատեւ գործընթացը:

Ղարաբաղյան հիմնախնդիրը ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին ծագած ամենաառաջինը եւ ամենադաժանն է: Բաքվից մինչեւ Երեւան իրադրությունը բավականին հակասական է շարունակում մնալ երկար ժամանակ: Մի կողմից  հայերի եւ ադրբեջանցիների հարյուրամյակներով  կողք կողքի ապրելը, սերտ մշակութային եւ միջէթնիկական կապերը, մյուս կողմից էլ` դաժան բախումները եւ արյունալի հաշվեհարդարները: 80-ականների վերջին հիմնախնդրի ծագելու պատճառները հնարավոր չէ իմաստավորել առանց պատմական հիմքի: Այստեղ կա նաեւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը, եւ Անդրկովկասում եւ հենց Ղարաբաղում XX դարասկզբին արյունալի մարտերը, եւ Նախիջեւանը. այնտեղ նախկինում շատ հայեր էին ապրում, սակայն նրանց բոլորին արտաքսել են:

Իրադարձությունների նման ընթացքից վախենալով`  Լեռնային Ղարաբաղի հայերը ելք էին փնտրում Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու համար: Դեռեւս մինչեւ 1991-94 թթ. գործողությունների սկիզբը երկկողմ մեղավորության պատճառով Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից շուրջ 230 հազար ադրբեջանցիներ եւ Ադրբեջանից շուրջ 400 հազար հայեր արտաքսվեցին: Ռազմական գործողությունների ընթացքում հայերին հաջողվեց գրավել Ադրբեջանի հանրապետության` Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 շրջաններ: Երկու ժողովուրդների տարանջատում տեղի ունեցավ, որոնք դարերի ընթացքում կողք կողքի են ապրել, իսկ իրավիճակի կարգավորման հասնելն անհրաժեշտ է: 

Որքան հայտնի է, այն ժամանակ ռազմական գործողությունները դադարեցվել էին միայն Ռուսաստանի միջամտության եւ խաղաղ բանակցությոնների սկսվելու  շնորհիվ:

Բանակցային գործընթացն սկսվել է 1991 թ. սեպտեմբերից` ռուս առաջին նախագահ Բորիս Ելցինի եւ նրա ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբաեւի այցից հետո: Իսկ 1994թ. մայիսից հետո այն Ռուսաստանի կողմից անժամկետ հրադադարի հանգեցվեց: 1992 թ. մարտից զուգահեռ հաջողությամբ բանակցություններ սկսեց ԵԱՀԿ-ն: 1997 թվականից սկսած` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան որպես  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ,  բանակցություններ են վարում հիմնախնդրի կողմերի հետ: Բանակցային գործընթացը մի շարք փուլեր է անցել, սակայն դեռեւս շոշափելի արդյունքներ չի տվել: Սակայն օգնել է պահպանել հրադադարի ռեժիմը` չնայած հաճախադեպ եւ վտանգավոր միջադեպերին:

Այդ բոլոր ձեռքբերումները բանակցային գործընթացում թվագրվում են 90-ականների կեսերին կամ վերջին: Իսկ ինչո՞ վ է բնորոշվում ղարաբաղյան կարգավորման ժամանակակից փուլը:

Ներկայումս լարված է ընթանում հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումը: Կողմերի միջեւ սկզբունքային տարակարծությունները  հիմնախնդրի գլխավոր հարցում են, այն է` Բաքուն չի ցանկանում համաձայնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական եւ ազատ կամքի դրսեւորմանը կարգավիճակի որոշման հարցում, իսկ  միջնորդները եւ միջազգային հանրությունը հիմնախնդրի լուծումը տեսնում են հենց դրանում: Բաքուն համաձայն է հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, սակայն միայն Ադրբեջանում եւ բացառապես այդ երկրի կազմում դրա կարգավիճակի որոշման համար:

Որպեսզի կոծկվի այդ տհաճ հարցը, ադրբեջանական կողմն իր բանակցությունները եւ քարոզչությունը տանում է ոչ թե պատճառների վերացման անհրաժեշտության հիմքի վրա, այլ միայն ռազմական  խնդրի հետեւանքների: Այստեղ ե'ւ հայերի կողմից գրաված տարածքների ազատագրումն է, ե'ւ բնակչության վերադարձն այնտեղ:

Ընդ որում, ադրբեջանական կողմը թաքցնում է, որ 7 շրջանների «բռնագրավումը» անհնար կլիներ, եթե նրա ակնհայտ բացթողումները չլինեին հաղթանակի հետեւից վազելու  ժամանակ եւ համառ դժկամությունը ժամանակին դադարեցնելու ցանկացած ռազմական գործողություն: Շատ տարօրինակ է թվում Բաքվի ցանկությունն այդ հողերն  «առանց որեւէ բանի» վերադարձնելը, միայն համաշխարհային հանրության ` զավթման դեմ վերաբերմունքի հաշվին որպես այդպիսին:  Ադրբեջանը (ինչպես եւ Վրաստանն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ իրավիճակում) կտրականապես չի ցանկանում ստորագրել ուժ չկիրառելու համաձայնագրի տակ:  Հակառակը, բոլոր հնարավոր միջոցներով ընդգծում է իր պատրաստակամությունը նոր պատերազմին: Սրա մասին են վկայում ե'ւ ռազմական ահռելի ծախսերը, ե'ւ ուժային հռետորաբանությունը, ե'ւ շփման գծի միջադեպերը: Թեպետ միջազգային կազմակերպությունները եւ տարբեր երկրների  պետական գործիչներն ընդգծում են  այդ  խնդրի ռազմական լուծման անհնարինությունը: Այդ պայմաններում հայերը չեն շտապում թողնել ներկայում հաստատված դիրքերը:

Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության վերջին արտահայտությունները վկայում են  տարածաշրջանում աճող լարվածության մասին: Ինչո՞ վ է պայմանավորված ռազմական հռետորաբանության նման  աշխուժացումը:

Վերջին ժամանակներում ռազմական հռետորաբանության  աշխուժությունը պայմանավորված է հիմնախնդրի կողմերի միջեւ շփման գծում գրանցված միջադեպերով: Միջադեպերը պատահականություն չեն , այլ «զավթիչներին հանգիստ չտալու» կանոնի դրսեւորում" Նպաստում է նաեւ առաջին դիրքերից դիպուկահարներին հեռացնելու մերժումը եւ միջազգային  ներկայացուցիչներին միջադեպերի հետաքննությանը մասնակցել չթողնելուն: Համաձայնեք, բնավ էլ կառուցողական  չի հնչում դիպուկահարներին հեռացնելու խոստումը եւ հետաքննության անցկացումը ոչ թե այժմ` միջադեպերի պահին, այլ միայն` հայկական ուժերի հեռանալուց հետո իրագործելը:

Հատուկ ուշադրության է արժանի նույն կողմից միջադեպերի հետաքննման կամ, ինչպես այն հաճախ անվանում են, «հրադադարի ռեժիմի ամրապնդման» համաձայնագրի խախտումը: Այդ համաձայնագիրը պաշտոնապես ստորագրվել էր հիմնախնդրի երեք կողմերի միջեւ դեռեւս 1995 թվականի փետրվարին:  Ընդ որում, այն համառորեն չի իրագործվում եւ լռության է մատնվում մեզ հայտնի կողմից: Նման գործողությունների հետեւանքները հաստատում են, որ  նման քաղաքականությունն արժանի է ոչ այնքան ցավակցության, որքան դատապատման: Ցավալի է նաեւ այն, որ  միջնորդները միջոցներ չեն գտնում կամ էլ «ամաչում են» որակել  կողմերի գործողությունների նման ձեւը եւ փաստորեն  հանձնվում են նրանց առաջ` ուշադրությունը չկենտրոնացնելով կողմերի սկզբունքային անհամաձայնության վրա եւ լռության են մատնում նման փաստերը: 

Սակայն դա չի հանում պատասխանատվությունը նաեւ Ռուսաստանի վրայից` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի  կազմի երեք համանախագահներից մեկը: Ինչպիսի՞ շեշտադրումներ է կատարում ռուսական կողմը բանակցություններում:

Բանակցային գործընթացի հենց սկզբից Ռուսաստանն ամենաակտիվ միջնորդն էր: Ամենից առաջ մենք բացառում ենք ագրեսիայի ցանկացած դրսեւորում: Հակամարտությունն ավելի շատ մեր շահերին է առնչվում, քան ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի:  Բացի դրանից, Հարավային Կովկասի ժողովուրդներն ավելի մոտ են Ռուսաստանին, քան բանակցությունների այլ մասնակիցներին: Սակայն պետք է ասել, որ տվյալ փուլում կողմերն ակնհայտ պատրաստ չեն ճկունություն դրսեւորելուն: Իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրությունները բացառում են նման սցենարը մոտակա երկու տարիներին: Ռուսաստանի նախագահը հաշվի կառնի նաեւ այդ գործոնը , որը շատ բաներում կորոշի հետագա գործողությունները: 

Հաշվի առնելով այն, որ կողմերի ակնհայտ մերձեցում դեռեւս չի նկատվում, հնարավո՞ր է արդյոք ավելի կառուցողական երկխոսություն բանակցությունների  ձեւաչափի էական փոփոխության դեպքում:

Բանակցությունների ձեւաչափը եւ միջնորդները չեն հարցը: Ներկայիս փակուղին հենց հակամարտության կողմերի ձեռքի գործն է, չափված, իրատեսկան եւ կայուն պահանջներ ներկայացնելու նրանց անկարողությունը, ինչպես նաեւ հենց  նույն կողմի խանգարելը, որ բանակցային սեղանին մասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղը: Չէ՞ որ պատերազմի տարիներին Բաքուն  ԼՂ-ի հետ տասնյակ փաստաթղթեր է ստորագրել` ներառյալ հրադադարի համաձայնագիրը եւ միջադեպերի հարթումը: Խաղաղ համաձայնությամբ բանակցային գործընթացն ավարտելու սցենար դեռեւս չկա: Ստեղծված իրադրության մեջ խիստ անհրաժեշտ են  համբերություն եւ համառություն:

Եվ ամեն դեպքում,  ի՞նչ հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն հակամարտության կարգավորման լուծման համար:

Վստահ եմ, որ կարճ ճանապարհ պետք է լինի ուժ չկիրառելու մասին համաձայնագրի կնքումը: Այն ուղի կբացեր գրաված տարածքներից հայերի  դուրս գնալու համար, եւ կմնար միայն որոշել  Լեռնային Ղարաբաղի բնակչության  կամքի դրսեւորումը: Համանախագահ պետութուններն սկսել են ընդգծել ստատուս-քվոյի անհանդուրժելիությունը: Կողմերից մեկն այստեղ ամեն ինչ փորձում է հանգեցնել հայերի հեռանալուն, դա այն ժամանակ, երբ իրականում անընդունելի են նաեւ շատ այլ բաներ:  Հիմնախնդրի լուծումը միանշանակ պահանջում է ոչ թե կողմերի ընտրությունը, թե ում ինչ է դուր գալիս, այլ համալիր մոտեցում»:

Վլադիմիր Կազիմարովը Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբին մասնակից եւ առաջին համանախագահն է: 1992-96 թթ. ռուսական միջնորդական առաքելության ղեկավարը եղել է Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ-ի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակիցը եւ առաջին համանախագահը: Այդ ժամանակահատվածում նա 48 այց է ունեցել հակամարտության տարածաշրջան` ներառյալ Բաքուն, Երեւանը եւ Ստեփանակերտը: ՌԴ-ի պաշտոնաթող արտակարգ եւ լիազոր դեսպան, Ռուսաստանի ԱԳՆ-ի Վետերանների խորհրդի նախագահն է: Նա «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի, հարյուրավոր զեկույցների եւ Լեռնային Ղարաբաղի մասին հոդվածների  հեղինակ է: Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի,Աշխատավորական Կարմիր շքանշանով (երկու անգամ), Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշանով, տարբեր շքանշաններով եւ գերազանցության նշանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ