Աշակերտին բռնաբարելու մեջ մեղադրվող Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, ուսուցիչ  Ազատ Ղուկասյանի գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:

Իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին հայտնեցին, որ հուլիսի 17-ին գործը ընդունվել է վարույթ, սակայն  դեռ դատաքննություն չի նշանակվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, մեղադրվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ:

Ինքը` Ազատ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր, որ նման բան է եղել, նշելով, որ ինքն առհասարակ երբեւէ սեռական կապի մեջ չի եղել իր աշակերտուհիների հետ: Հարցին, թե ինչո՞ւ հենց իր անվան շուրջ են նման խոսակցություններ շրջանառվում, Ազատ Ղուկասյանը պատասխանեց, որ իրեն շանտաժ անողներն են խաղում իր բարի համբավի հետ, թշնամիներ ունի, դավադրություն են կազմակերպել եւ այլն` հավելելով, որ ամեն ինչ պարզ կլինի մի քանի օրից, այժմ ավելին չի կարող ասել:

«Համոզված եղեք` ով ինչ ասել ա, գրել ա, պատասխան ա տալու դրա համար»,- ասել է գյուղապետը` շեշտելով, որ պատասխանատու է իր ասածների համար եւ շարունակելու է դասավանդել դպրոցում:

Նշենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ամուսնացած է,  ունի չորս երեխա եւ հինգ թոռնիկ: