News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Երեւանյան խանութներում, սուպերմարկետներում, առեւտրի կենտրոններում հնարավոր է տեսնել ոչ պարենային ապրանքներ, որոնց վրայից բացակայում է հայերեն մակնշման պիտակը: Որքանո՞վ է նման իրավիճակը համապատասխանում օրենքի տառին:

Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպնության միության նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ հայերեն մակնշումով պիտակների բացակայությունը սպառողների իրավունքների ուղղակի խախտում է. «Այդ հարցը մեր կողմից մշտապես բարձրացվում է դեռեւս 2000-ականների սկզբից: Մենք հասանք նրան, որ օրենքում համապատասխան փոփոխություն կատարվեց, որը տնտեսվարող սուբյեկտներին պարտավորեցնում էր  նրանց կողմից արտադրվող արտադրանքի վրա հայերեն մակնշումով պիտակներ փակցնել, որից հետո իրավիճակը նկատելիորեն բարելավվեց: Այսօրվա դրությամբ պարենային ապրանքների մոտ 70%-ը նման պիտակ ունի»,-ասաց նա` ավելացնելով, որ ոչ պարենային ապրանքների շուկայում իրավիճակն ավելի վատ է:

Արմեն Պողոսյանը դժվարացավ ասել, թե տոկոսային հարաբերակցությամբ որքան են կազմում նման ապրանքները: «Դժվար է ասել: Ոչ պարենային ապրանքների մասով կա կառավարության համապատասխան որոշումը, ըստ որի նրանք եւս պետք է հայերեն մակնշվեն: Ցավոք, այդ պահանջը ոչ միշտ եւ ոչ ամեն տեղ է պահպանվում»,- ընդգծեց նա:

Միության նախագահի խոսքով` դրա համար պատասխանատու է  Էկոնոմիկայի նախարարության սպառողների իրավունքների եւ շուկայի պաշտպանության հարցերով պետական տեսչությունը: «Ի դեպ, պիտակի բացակայությունն առաջին նշանն է  արտադրանքի` կեղծ լինելու մասին, քանի որ պիտակի բացակայության պարագայում ապրանքի ծագումը հանելուկ է մնում»,- ընդգծեց Պողոսյանը:

Ի վերջո, նշեց նա, ստանդարտ պիտակը արտադրանքի որակի նշան է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ին ասաց, որ  ցանկացած տեսակի ապրանքի վրա պիտակի բացակայությունն օրենքի խախտում է:

«Եթե սպառողը տեղեկություն չի ստանում ապրանքի արտադրության, պիտանիության ժամկետի, բաղադրության, պահպանման պայմանների եւ այլնի մասին, տնտեսվարող սուբյեկտը խախտում է օրենքը: Սակայն հանձնաժողովը նման դեպքերի քննության առաջին օղակը չէ, դրանց բացահայտման համար պատասխանտու են պետական այլ մարմիններ: Համապատասխան դիմում ստանալուց հետո մենք գործը վարույթ ենք ընդունում: Բացի այդ, հանձնաժողովը կանոնավոր կերպով ստուգումներ է իրականացնում մայրաքաղաքում եւ մարզերում`անբարեխիղճ մրցակցության երեւույթների կանխման համար»,-նշեց զրուցակիցը` ավելացնելով, որ նման ստուգումների հերթական փուլը կմեկնարկի հաջորդ շաբաթ` Վանաձորում եւ Աշտարակում:

Նա նշեց, որ ստուգումների արդյունքում արդեն տուգանվել են մի քանի տասնյակ տնտեսվարողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news