Լեռնային Ղարաբաղի ընտրությունններում մեծ առավելությամբ հաղթանակ տարավ գործող նախագահ Բակո Սահակյանը: 

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները բոլոր 273 ընտրատեղամասերից: Նախնական տվյալներով, Բակո Սահակյանը ստացել է 47 հազար 85 ձայն կամ  ձայների 66,7 տոկոսը:

ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ  32,5 տոկոսը:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել են նախագահական ընտրությունները: Ժամը 20-ի դրությամբ, երբ փակվել են բոլոր 273 տեղամասերի դռները, քվեարկել էր 72 հազար 833 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 73,38 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 99 հազար 190 մարդ:

Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը, ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը եւ գործող նախագահ Բակո Սահակյանը: 

ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12 տոկոս ձայն: