News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության պետի տեղական Հունան Պողոսյանը դատապարտում է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Այսօր` հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսում հնչած հարցին, թե ի՞նչ գնահատական կարող է տալ տեղի ունեցածին, Հունան Պողոսյանը նշել է, որ որպես քաղաքացի դատապարտում է ցանկացած բռնություն: «Միայն թե դուք առաջնորդվում եք զգացմունքներով, իսկ ես` իրավունքով»,-ասել է նա:

Հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը:

Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Մի քանի օր անց Վահե Ավետյանը մահացել էր:

Հուլիսի 3-ին Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր իր թիկնապահների մասնակցությամբ միջադեպի պատճառով պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին:

Ինչ վերաբերում է մյուս միջադեպին, երբ Վահե Ավետյանի մահվան առթիվ մոմավառության ժամանակ Ռուբեն Հայրապետյանը ձեռք էր բարձրացրել իրավապաշտպան Արման Վեզիրյանի վրա, ոստիկանությունը պարզաբանում է, որ մասնավոր գործերին չի կարող միջամտել: Գործող օրենսդրության համաձայն, նման դեպքերում իրեն տուժած համարող կողմը իրավունք ունի դիմել դատարան:

Վեզիրյանը դատարան չի դիմել, ավելին, հայտարարել է, որ բավարարված է Ռուբեն Հայրապետյանի կողմից հրապարակային ներողությունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ