News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի հայ համայնքին ոչ ոք չի նեղում, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է համայնքի ներկայացուցիչ Խաչիկ Ջոզիկյանը Հալեպից:

Խաչիկ Ջոզիկյանը ժամանակավոր է Հայաստանում, եկել է տեսակցի երեխաներին եւ Սիրիան լքել չի պատրաստվում: «Սիրիայում եւ հատկապես ամենահայաշատ քաղաքում` Հալեպում հայերի վիճակը նույնն է, ինչ նախկինում: Հայերը ոչ մի ճնշման չեն ենթարկվում իշխանության կամ ընդդիմության կողմից: Բոլորը հարգում են հայերին, եւ մենք հանդես չենք գալիս այս կամ այն կուսակցության կողմից, այլ զբաղված ենք մեր գործերով»,- նկատել է Խաչիկ Ջոզիկյանը:

Նա հիշեցրել է, որ հայերը Սիրիայում հաստատվել են բոլորովին էլ ոչ 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո: «Նրանք ապրել են բազում դարեր: Սիրիան հայերի համար հայրենիք է, որը չի կարելի լքել: Հայաստանը մեզ համար մնում է Հայաստան, որպես հեռավոր հայրենիքի նմուշ, բայց Սիրիան մեզ համար, այնտեղ ծնվածների համար հարազատ տուն է, մենք սովորել ենք մեր խոհանոցին, հասարակությանը, ընկերներին, շատ բարդ է այդ ամենը թողնել եւ փախչել այլ երկիր, կյանքը նորից սկսել»,- ասել է Ջոզիկյանը:

Նա նշել է, թե խոսք չի գնում Սիրիայից փախչելու մասին: «Նրանք, ովքեր լքում են Սիրիան, ժամանակավոր, այլ ոչ մշտական կացարան են որոնում: Մինչ երկիրը վերադառնա խաղաղ կյանքի: Շատերը գալիս են Հայաստան, շատերն են աշխարհագրորեն ավելի մոտ երկրներ` Լիբանան, Հորդանան, Արաբական Միացյալ Էմիրություններ: Ամենագլխավորը, մեզ ոչ ոք չի վտարում Սիրիայից, մենք Սիրիայի հավատարիմ քաղաքացիներ ենք: Հայերի մի մասի հեռանալը ժամանակավոր բնույթ է կրում»,- կարծում է Ջոզիկյանը: 

Նրա գնահատականներով Սիրիան կլքի ոչ ավելի, քան 10 տոկոս: Նա նշել է, թե շատերը Հայաստանի քաղաքացիություն են ստանում, բայց չեն ձգոտւմ մնալ, այլ վերադառնալ Սիրիա: «Խուճապ չկա: Նա, ով լքել է տունը Հոմսում, տեղափոխվել է Դամասկոս, Լաթաքիա, Քեսաբ»,- նշել է նա` հավելելով, որ Սիրիայի մասին տեղեկությունները ոչ միշտ են ճիշտ հաղորդվում, եւ հերքել է խաղաղ բնակիչների վրա հարձակման լուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ