News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների արդյունքներով արված հայտարարությամբ կրկին ապահովագրեցին իրենց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` մեկնաբանելով այն, որ համանախագահների հայտարարության մեջ «ընտրություն» բառը չակերտի մեջ է վերցված: Մայիլյանը զարմանք հայտնեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նման խոշոր երկրների ներկայացուցիչների ավելորդ զգուշավորությունից:

Ինչ վերաբերում է այն կետին, թե «համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով», Մայիլյանը միջնորդների եւ միջազգային այլ դերակատարների հայտարարություններում ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ հանդուրժողականություն է նկատում:

«Եթե նախկինում ԼՂՀ-ում ժողովրդավարական ընթասցակարգերի անցկացումը դատապարտվում էր, ապա այսօր միջնորդներն ընդունում են ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:  Որքան շուտ համանախագահները հաշվի նստեն իրողությունների հետ, այնքան արդյունավետ կլինի նրանց առաքելության իրականացումը: Իրականությունն այն է, որ ԼՂՀ քաղաքացիները կառուցում եւ ամրապնդում են իրենց պետականությունը եւ մտադիր չեն հրաժարվել զարգացման ժողովրդավարական ուղուց, որն ընտրել են»,-ընդգծեց զրուցակիցը:

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը հատկապես նշեց ընտրությունների դերը ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից: «ԼՂՀ-ում զարգացնելով  ժողովրդավարությունը, մենք, անկասկած, նախադրյալներ ենք ստեղծում նրա  անկախության միջազգային ճանաչման համար: Դա անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայման  է»,-կարծում է նա:

Հենց ԼՂՀ-ի միջազգային  ճանաչումը, ըստ նրա,  կարող է փակել հակամարտության կարգավորման ռազմական հեռանկարը եւ հավասար պայմաններ ստեղծել կարգավորման կարեւոր խնդիրների քննարկման համար:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  հուլիսի 20-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Համանախագահների հայտարարության մեջ ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադկեն Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին:

Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով: Սակայն համանախագահները նշում են, որ երեք երկրներից եւ ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն:

Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որեւէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news