News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The New York Times»-ում հրապարակված Քլարքի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի հոդվածը.

Մերձավոր Արեւելքում քաղաքական նոր կարգ է ձեւավորվում, եւ Թուրքիան  ձգտում է լիդեր դառնալ` ավտորիտար ռեժիմների նկատմամբ ընդդիմադիր կեցվածք ընդունելով: Այս շաբաթ վարչապետ Էրդողանն այնքան հեռու գնաց, որ սիրիական կառավարության կողմից քաղաքացիական անձանց շարունակական սպանությունները որակեց որպես «ցեղասպանության փորձ»:

Տրածաշրջանում մարդու իրավունքները պաշտպանելու Թուրքիայի ցանկությունը դրական իրադարձություն է, սակայն Էրդողանի կողմից Սիրիայի դատապարտումը վերին աստիճանի երեսպաշտություն է: Քանի դեռ Թուրքիան շարունակում է մերժել 1900-ականների սկզբին ոչ թուրք բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունը, արդարության եւ մարդասիրական արժեքների մասին նրա կոչերը կեղծ են հնչելու:

Թուրքիան չի կարող ժողովրդավարական մոդել լինել, քանի դեռ չի ընդունել, որ  ժամանակակից թուրքական պետության հիմքում կոշտ բռնությունն է ու ցեղասպանությունը:

Օգտագործելով Ստամբուլում օսմանյան պետական արխիվների փաստաթղթերը, որոնք ժամանակին համարվել էին «հույժ գաղտնի»,  ես փորձում էի բացել թուրքական դարավոր ժխտողականության վարագույրը: Այդ փաստաթղթերը պարզ ցույց էին տալիս, որ 1913 -1918թթ. օսմանյան ժողովրդագրական քաղաքականությունը ցեղասպանային է եղել: Իրականում «հանցագործություն ընդդեմ մարդկության» ձեւակերպումը որպես իրավական տերմին  առաջին անգամ օգտագործվել է 1915թ. մայիսի 24-ին` ի պատասխան հայերի եւ քրիստոնյա մյուս ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը սկզբում օսմանյան չարագործությունը համարեցին որպես «հանցագործություն ընդդեմ քրիստոնեության», սակայն հետագայում փոխարինեցին «ըննդեմ մարդկության» ձեւակերպումով:

Հալածյալ մահմեդականների աջակցության մասին Էրդողանի ելույթները ժողովրդականություն բերեցին նրան: Սակայն եթե Էրդողանը ցանկանում է պաշտպանել տարածաշրջանում ազատությունն ու ժողովրդականությունը, նա պետք է հաշվի առնի Մերձավոր Արեւելքում քրիեստոնյաների օրինական մտավախությունները: Ինչպես որ եվրոպական գերտերությունները 1915թ. նախընտրեցին ունիվերսալիզմը` դատապարտելով մարդկության, ոչ թե քրիստանյաների դեմ ցեղասպանությունը,  այնպես էլ Էրդողանը պետք է հրաժարվի «ընդդեմ մահմադականների հանցագործության» նեղ շրջանակի վրա կենտրոնանալուց: Բոլոր հալածված ժողովուրդները պաշտպանության կարիք ունեն:

Պատահական չէ, որ Սիրիայում քրիեստոնյաներն ու մյուս փոքրամասնությունները աջակցում են Ասադի «Բաաս» կուսակցությանը, նրանք պատրաստ են ազատությունը զոհել հանուն անվտանգության: Այն դեպքում, երբ թուրքական հռետորաբանությունն ուղղված է Սիրիայում սուննի մահմեդականների ազատությանը, այն չի մեղմացնում սիրիական քրիստոնյաների անհանգստությունն իրենց ապագայի վերաբերյալ: Հակառակը, սիրիացի քրիստոնյաները, լսելով Էրդողանին, հիշում են  1915թ. մասին, եւ Թուրքիան նրանց համար կարծես անվտանգության սպառնալիք է դառնում:

Անցյալի հետ առերեսվելը սերտորեն կապված է Մերձավոր Արեւելքում անվտանգության, կայունության եւ ժողովրդավարության հետ: Ժխտողականությունը ոչ միայն խոչընդոտում է  ժողովրդավարությանը, այլեւ  տարբեր էթնիկ  եւ կրոնական խմբերի միջեւ կայուն հարաբերություններին:

Մերձավոր Արեւելքում անցյալը դա ներկան է: Եւ ճշմարտությունը, եւ հաշտեցումը  նոր, կայուն, մարդու իրավունքների եւ արժանապատվության հարգանքի հիման վրա ստեղծված  տարածաշրջանային կարգուկանոնի անքակտելի մասն են: Թուրքիան պետք է օրինակ ծառայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ