News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական «ԱզերԹԱջ» գործակալությունը  հաղորդագրություն էր տարածել, թե իբր ԵԱՀԿ Մշտական խորհրդի 921-րդ նիստի ընթացքում, Իռլանդիայի ներկայացուցիչ,  Մշտական խորհրդի նախագահող Օեն Օ՛Լիրին հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները և որ դրանք հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին: 

Ավելին, ըստ ադրբեջանական գործակալության, նիստին ընտրությունների անցկացման փաստի դատապարտմամբ հանդես են եկել Կիպրոսի, Ֆրանսիայի, Թուրքիայի և այլ պետությունների ներկայացուցիչները: Դե եթե Թուրքիայի կողմից ընտրությունների այսպես ասած «դատապարտումը» ոչ ոքի համար զարմանալի չէ, ապա շատ մեծ կասկածների տեղիք էին տալիս թե հատկապես ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահող Օ՛Լիրիի հայտարարության նման ձևակերպումը, թե Կիպրոսի, Ֆրանսիայի և այլ երկրների կողմից ընտրությունների դատապարտումը:

Ինչպես մեզ տեղեկացրեցին ԵԱՀԿ կենտրոնակայանից, իրականում ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթները բոլորովին այլ շեշտադրումներ են ունեցել: 

Այսպիսով, պարզվում է, որ Կիպրոսի ներկայացուցիչը (ով ներկայացնում է Եվրամիության տեսակետը, քանի որ Կիպրոսը այժմ Եվրամիության խորհրդում նախագահող երկիր է) իր ելույթում ամբողջությամբ վերարտադրել էր ԵՄ Արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ք. Էշթոնի հայտարարությունը, որի մեջ ընտրությունների  անցկացման փաստի դատապարտման նշույլ անգամ չկա: Այս հայտարարությանն են միացել Բալկանների, Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի ԵՄ ոչ անդամ երկրները: Իսկ Ֆրանսիայի ներկայացուցիչը, հանդես գալով Մինսկի խմբի համանախագահների անունից, ընդամենը տեղեկացրել է, որ  համանախագահները ընտրությունների վերաբերյալ հանդես են գալու հայտարարությամբ եւ ընթերցել այն:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ում նախագահող Իռլանդիայի ներկայաացուցիչ Օ՛Լիրի հայտարարությանը, ապա իրականում նա մեջբերել է գործող նախագահի հայտարարությունը, ասելով որ չնայած ԵԱՀԿ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց զորակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և խաղաղության հասնելու ջանքերին:  Եվ ամենևին որևէ հայտարարություն չի եղել, թե իբր ԵԱՀԿ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները: Ավելացնենք նաև, որ պնդումը, թե  ԵԱՀԿ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները, կհակասեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության այն հիմնարար կետին, որով ընդունվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

Ինչևէ, սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքը չէ, երբ մեր հարևանները, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հերթական ձեռքբերումից զայրացած, փոքր-ինչ մխիթարվելու համար ստեր են հորինում և տարածում:

Տպել
Ամենաշատ