News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առողջարանային զբոսաշրջության նախակարապետը հռոմեական բաղնիքներն են, կամ գուցե հայկական բաղնիքները` ի վերջո Գառնիի արքունական բաղնիքը կառուցվել է դեռ երրորդ դարում: Եվրոպայում 1900-ական թվականներին բոլոր առողջարաններն էլ ձեւավորվել են հիդրոթերապիայի ու լոգանքային ծառայությունների շուրջ, այսինքն` առողջարան հիմնելու առաջին պայմանը բուժիչ աղբյուրների առկայությունն էր: Այնուհետ սկսեցին առողջարաններ ի հայտ գալ ծովափերին կամ լեռնային այնպիսի գոտիներում, որտեղ բուժիչ աղբյուրներ չկային, սակայն հանգստացողը կարող է որոշակի թերապեվտիկ ծառայություններ ստանալ: Ընդլայնվել է նաեւ առողջարանային ռեսուրսը` այն կարող է լինել ոչ  միայն բուժիչ աղբյուրը, այլեւ լեռնային մարգագետինը, գեղեցիկ անտառային լանդշաֆտը, քարանձավների որոշակի տեսակներ եւ այլն:

Առողջարանային զբոսաշրջությունը հատկապես զարգացած էր Խորհրդային Միությունում, եւ մրցում էր զբոսաշրջության ցանկացած այլ ուղղության հետ: Դա պայմանավորված էր նրանով, որ առողջարանները հսկայական ֆինանսական աջակցություն էին ստանում պետությունից` որպես առողջ ապրելակերպի քարոզման միջոց: Ողջ երկրով մեկ ձեւավորվում էին առողջարանային քաղաքներ ու գոտիներ, ինչպես Արզնին ու Ջերմուկը, կամ Կիսլովոդսկը, Բորժոմին, Եսենտուկին եւ այլն:

Նշենք, որ Ռուսաստանը մինչ այսօր պահպանել է առողջարանների դոտավորման համակարգը, ինչով էլ պայմանավորված է Հյուսիսային Կովկասի եւ Մերձմոսկվայի առողջարանային գոտիների կենսունակությունը: Ավելին` Ռուսաստանը մշակում է այսպես կոչված առողջարանային տարածաշրջանների մոդելներ, որտեղ առողջարանանին բիզնեսը զարգացվելու է կլաստերային համակարգով` ներառելով զբոսաշրջության այլ տեսակներ, ագրոպարենային կոմպլեքսներ, տրանսպորտային ցանցեր: Այդ գոտիներում զարգացվելու են միայն արդյունաբերության այն ճյուղերը, որոնք բնապահպանական վտանգ չեն ներկայացնում` տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդի արդյունաբերություն եւ այլն:

Վիճակագրությունը փաստում է, որ վերջին 20 տարիների ընթացքում առողջարանային զբոսաշրջության հանդեպ հետաքրությունը բարձրացել է ողջ աշխարհում, ինչը զգալի հեռանկարներ է բացում նաեւ Հայաստանի համար, հաշվի առնելով եւ ավանդույթները, եւ առողջարանային բնական գոտիների առկայությունը:

Առայժմ կառավարության ջանքերը կենտրոնացած են բացառապես Ջերմուկի առողջարանային համբավը վերականգնելու շուրջ, որն այս պահին Հայաստանի ամենաթանկ հանգստյան գոտին է: Սակայն Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը լուրջ խոչընդոտ է առողջարանային ծրագրին:

Հատկանշական է, որ ներկայում միայն 3 վայրերի համար են կազմված զբոսաշրջության զարգացման ծրագրեր` Ջերմուկ, Ծաղկաձոր եւ Տաթեւ, ու դրանցից միայն Ջերմուկն ունի առողջարանային ուղղվածություն:

Առողջարանային զբոսաշրջության լուրջ պոտենցիալ ունեն նաեւ Արզնին եւ Աղվերանի գոտին: Սակայն Արզնիի հանգստյան գոտին գործնականում չի գործում, կամ գործում է քեֆչիների համար ենթակառուցվածքների ստեղծման մակարդակով, իսկ Աղվերանի գոտին զարգանում է ինքնաբերաբար ու որպես ոչ առողջարանային գոտի: Այնինչ Աղվերանի ձորն ունի եզակի միկրոկլիմա, ինչն անգնահատելի է նյարդային ու մի շարք հիվանդությունների դեպքում: Ցավոք` այս ռեսուրսը թերի է օգտագործվում, Աղվերանի ձորում տեղակայված հանգստյան տներից ու հյուրանոցներից ոչ մեկը չի առաջարկում թերապեւտիկ ու առողջարանային ծառայություններ:

Ընդհանուր առմամբ` զբոսաշրջության առողջարանային ուղղվածությունը Հայաստանում առայժմ լուրջ բիզնես հետաքրքրություն չի ներկայացնում, իսկ պետական հատկացումներ չեն արվում: Սակայն ակնհայտորեն` առողջարանային բիզնեսը հայկական զբոսաշրջային համակարգի մրցունակության բարձրացման կարեւոր գործոն կարող է հանդիսանալ:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ