News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը


Նախօրեին Յուրմալայում մեկնարկած, երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2012» միջազգային երաժշտական մրցույթի առաջին մրցութային օրը հայտարարված է համաշխարհային հիթի օր:

Այսօր` հուլիսի 25-ին, մրցույթի մասնակիցները կկատարեն համաշխարհային հիթերի իրենց տարբերակները: Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթում ներկայացնում է Սուրեն Առուստամյանը, ով կներկայացնի Էրիք Քլեփթոնի Change The World հիթը:

Մրցույթի մասնակիցների ելույթից առաջ հայտնի հիթերը կկատարեն երգիչներ Ալսուն, Տիմատին, Լարիսա Դոլինան, Տիմուր Ռոդրիգեսը, Իրինա Դուբցովան: Երեկոյի հատուկ հյուրն է 1980-ականների անգլիացի հայտնի փոփ երգիչ Ռիք Էսթլին:

Առաջին մրցութային համերգը կվարեն Վլադիմիր Զելենսկին, Սերգեյ Զվերեւը, Լերա Կուդրյավցեւան եւ Սերգեյ Լազարեւը:

Ժյուրիի անփոփոխ համանխագահներն են Իգոր Կրուտոյը եւ Ռայմոնդ Պաուլսը:

«Նոր ալիք 2012»-ի ժյուրիի կազմում ընդգրկվել են երգահան Իգոր Նիկոլաեւը, երգչուհի Լայմա Վայկուլեն, երգչուհի Վալերիան, երգիչներ Լեոնիդ Ագուտինը եւ Վալերի Մելաձեն, երգահան եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն, Իգոր Մատվիենկոն:

Մրցույթը Յուրմալայում մեկնարկել է հուլիսի 24-ի երեկոյան եւ կշարունակի մինչեւ հուլիսի 29-ը:

Նախօրեին տեղի բնակիչները փառատոնի հյուրերին դիմավորում էին փուչիկներով,  շարված «կարմիր գորգի» երկայնքով, որով անցել են Իոսիֆ Կոբզոնը,  «Քոմեդիի» նախագահ Ալեքսանդր Րեւան, դերասանուհի Աննա  Սեմենովիչը, ոճաբան Սերգեյ Զվերեւը: 

Մնացած հյուրերը եւ ժյուրիի անդամները հանդիսավոր անցումն արհամարհել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Համերգը բացել է «Յուրմալա-1988»-ի հաղթող Ալեքսանդր Մալինինը`  գնչուական երգչախմբի հետ «Երկար ճանապարհով» երգով:

Մրցույթին հաղթանակի համար պայքարում են 14 երկրների 16 մասնակիցներ, ովքեր մրցույթի բացումից մեկ օր առաջ, վիճակահանությամբ որոշել են, թե ով որ համարի ներքո է հանդես գալու:

Մրցույթի մասնակիցները հնարավորություն կստանան հանդես գալ հայտնի ռոքերներ Գարիկ Սուկաչեւի, «Մաշինա վրեմենի», «Ակվարիում» եւ «Չայֆ» խմբերի հետ միասին:
Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը, վիճակահանության համաձայն, այսօր հանդես կգա 5-րդը, հուլիսի 26-ին` 10-րդը, հուլիսի 27-ին` 14-րդը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առաջին մրցութային օրը Առուստամյանը կկատարի Էրիք Քլեփթոնի Change The World հիթը: Որպես հայրենի երկրի հիթ նա կներկայացնի «Իմ սերը քեզ» երգը, իսկ երրորդ մրցութային օրը Սուրենը կկատարի Բրենդոն Սթոունի Next to you երգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news