News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կոռուպցիոն դրսեւորումների եւ փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ դեռեւս ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մեծ անդրադարձ է եղել կոռուպցիայի խնդրին եւ «Ժառանգությունը» հայտարարել էր, որ որպեսզի պետության զարգացմանը խոչընդոտող կոռուպցիա չարիքը վերանա, առաջիկայում իրենք հանդես են գալու հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ օրենսդրական նախաձեռնությամբ:

Մասնագետներն աշխատել  են այդ ուղղությամբ եւ այն արդեն պատրաստ է: Ռուբեն Հակոբյանի խոսքով` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակն այն է, որ խորհրդարանը կարողանա իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել, վերահսկել կոռուպցիայի դրսեւորումները, փաստերը  եւ համապատսախան նախաձեռնություններ ներկայացնել խորհրդարան: Իսկ թե ինչպես է աշխատելու հանձնաժողովը, նա նշեց, որ, օրինակ, կուսումնասիրեն Վերահսկիչ պալատի հաշվետվություններում տեղ գտած խախտումների, չարաշահումների «ճակատագրերը», կունենան հնարավորություն` ուղիղ կապ հաստատելու քաղաքացիների, պետական կառույցների հետ, ինչի շնորհիվ եւս ի հայտ կգան բազմաթիվ փաստեր:

Ըստ նախագծի` նախատեսվում է, որ  հանձնաժողովում կլինեն 6 ներկայացուցիչներ` խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերից («Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ): Հանձնաժողովը նախատեսում է համապատասխան աշխատանքային հնարովորություններ  եւ լիազորություններ:

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի` ԱԺ նախագահը պետք է որոշի, թե որ հանձնաժողովն է հանդիսանալու գլխադասային` հակակոռոպուցիան  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը քննարկելու եւ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար: Նրա տված դրական կամ բացասական եզրակացությունից պարզ կլինի` հակակոռուպցիան ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մտնում է ԱԺ օրակարգ, թե ոչ:

Ի դեպ, նույն բնույթի հանձնաժողովներ այսօր կան նաեւ նախագահի աշխատակազմում եւ Կառավարությանը կից` վարչապետի գլխավորությամբ: Ռուբեն Հակոբյանի խոսքով, խնդիրն այն է, որ «իշխանությունը ստեղծել է  հանձնաժողով, որի ներկայացուցիչները պետք է վերահսկեն իրենց` իշխանությունների կողմից կատարված կոռուպցիան, քանի որ բոլորս էլ գիտենք, որ կոռոպցիան իշխանական, ավելի ստույգ` բարձրագույն իշխանական երեւույթ»: «Հասկանալի է, որ իշխանական ներկյայացուցիչներով ձեւավորված հանձնաժողովը չի կարող ըստ էության պայքարել կոռուպցիայի դեմ»,- ամփոփեց Ռուբեն Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ