Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար Լորան Ֆաբիուսը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ գումարել: Օգոստոսի 1-ից ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունն անցնում է Ֆրանսիային:
Ըստ ֆրանսիացի նախարարի` նախատեսվող նիստը պետք է «դադարեցնի արյունահեղությունը» Սիրիայում: Ավելի վաղ, հանգստյան օրերին Ֆրանսուա Օլանդը նույնպես ԱԽ-ին կոչ էր արել «արագ միջամտել» սիրիական խնդի կարգավորմանը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ֆրանսիացի նախարարը կրկին քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` նրան անվանելով դահիճ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սիրիայում շարունակվում է Հալեպի համար պայքարը: Սիրիական պետական լրատվամիջոցները հուլիսի 30-ին հայտարարել են, որ կառավարական զորքերին հաջողվել է Հալեպը վերահսկողության տակ առնել: Ապստամբները պահում են քաղաքի առեւտրային կենտրոնը, սակայն մնացած շրջաններից հաջողվել է դուրս մղել ապստամբներին, հաղորդում է rbc-ն:
5 օր շրջափակման մեջ գտնվող Հալեպից, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, փախել է 200 հազար մարդ: Քաղաքում ապրում է 2,5 միլիոն մարդ: ԱՄՆ-ի Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան Հալեպն ընդդիմությունից գրավելու փորձն անվանել է մեխ` խփված Բ. Ասադի դագաղին: