News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի որոշման կարգը մինչ այսօր կարգավորված չէ: Գաղտնիք չէ, որ մաքսային մարմինները շարունակում են կողմնորոշիչ գներ կիրառել` հիմք չընդունելով արտասահմանում ձեռքբերված ապրանքների ինվոյսներում նշված արժեքները: Այս կարգից հատկապես տուժում են տրանսպորտային միջոցներ ներմուծողները: Մաքսային մարմինները անխտիր կիրառում են կողմնորոշիչ գին, ընդ որում` այդ գնի որոշման մեթոդը կամայական է: Մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը պաշտոնապես հրապարակեց կողմնորոշիչ գնացուցակ, սակայն այնուհետ այդ հրապարակումն անհայտացավ, իսկ կամայական գնահատականներն ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Ստորեւ ներկայացնում ենք NEWS.am-ի այս թեմայի շրջանակներում հարցադրումները ՊԵԿ-ին, պատասխանները եւ դրանց մեկնաբանությունը.

1. Հարց. Ինչպե՞ս, ի՞նչ չափանիշով է ՊԵԿ-ը որոշում ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքը:

Պատասխան. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով (87-94 հոդվածներով):

Մեկնաբանություն. Մաքսային արժեքի որոշման հիմքը, այնուամենայնիվ, 82-րդ հոդվածն է, որտեղ հստակ նշված է` մաքսային արժեքը պետք է որոշվի հայտարարատուի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա իրավունքը վերապահվում է մաքսային մարմիններին: Պատահական չէ, որ ՊԵԿ-ում այս հոդվածը չեն հիշում: Ինչ վերաբերում է 87-94 հոդվածներին` ապա դրանցում տրված են միայն մեթոդները` հիմնված 82 հոդվածի վրա:

2.Հարց. Ի՞նչ հաճախականությամբ է վերանայվում մաքսազերծման պայմանները (մաքսային արժեքի որոշման մեթոդները), ինչի՞ց ելնելով են դրանք փոփոխվում: Օրինակ` վերջին անգամ ե՞րբ են վերանայվել մաքսային արժեքի հաշվարկման մեթոդները: Վերանայման արդյունքում ավտոմեքենաների մաքսազերծման գումարները աճե՞լ են, թե՞ նվազել:

Պատասխան. Մաքսային արժեքի որոշման մեթոդների վերանայման որեւէ պարբերականություն նախատեսված չէ: Ինչպես արդեն նշեցինք` դրանք սահմանված են օրենքով, ինչը նշանակում է, որ նմանատիպ անհրաժեշտություն առաջանալու դեպքում, մաքսային արժեքի որոշման կարգում փոփոխությունները կարող են կատարվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Նշենք նաեւ, որ ՀՀ-ում կիրառվող մաքսային արժեքի որոշման կարգն ամբողջությամբ համապատասխանում է Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության երաշխավորություններին եւ սկզբունքային փոփոխությունների անհրաժեշտություն առայժմ չունի:

Մեկնաբանություն. Նորից անդրադառնանք 82-րդ հոդվածին: Օրենքում նշված է` մաքսային արժեքը որոշվում է Սակագների եւ Առեւտրի գլխավոր համաձայնագրին համապատասխան` կառավարության սահմանած կարգով: Այսինքն` կարգը սահմանվում է ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ: Սակայն, դատելով ՊԵԿ-ի պատասխանից, կառավարության կողմից հաստատված նման կարգ գոյություն չունի, հետեւաբար` անիմաստ է հղում անել միջազգային համաձայնագրին:

3. Հարց.  Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման ցանկը կամ կարգը (մեքենաների մաքսային արժեքների գնացուցակը): Ըստ ՊԵԿ-ի պաշտոնական կայքի տրամադրած տեղեկության` այդ ցանկը  հրապարակված է մաքսային համապատասխան կառույցում: Դրանից բացի, ըստ ՊԵԿ-ի կայքի, կա հատուկ հեռախոսահամար, որտեղից քաղաքացիները տեղեկանում են իրենց կողմից ներմուծվող ավտոմեքենայի մաքսային արժեքի մասին: Հետեւաբար, այդ տեղեկատվությունը ազատ է, սակայն քիչ հասանելի: Խնդրում ենք մեզ տրամաադրել մեքենաների մաքսային արժեքների գնացուցակը:

Պատասխան. Տեղեկացվում է նաեւ, որ մաքսային արժեքի որոշման գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով մեր կողմից նախկինում մաքսային ծառայության ինտերնետային կայքէջում տեղադրվել էին տեղեկություններ ՀՀ մաքսային տարածք ներմուծվող որոշ ապրանքների մաքսային արժեքների վերաբերյալ: Սակայն այդ հարցի վերաբերյալ միջազգային փորձի  ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ աշխարհի որեւէ պետություն մաքսային արժեքների կողմնորոշիչ չափանիշներ չի հրապարակում: Հաշվի առնելով նշված հանգամանքը, նպատակ ունենալով բացառել մաքսային արժեքների որոշման երկիմաստ մեկնաբանություններն, ինչպես նաեւ հիմք ընդունելով Համաշխարհային բանկի երաշխավորություններն ու մաքսային արժեքի որոշման «Սակագների եւ առեւտրի Գլխավոր Համաձայնագրի» 7-րդ գլխի բացատրական նշումները` այդ տեղեկությունները հանվել են կայքէջից:

Մեկնաբանություն. Այստեղ պետք է մի բան ավելացնել` աշխարհի որեւէ պետություն ոչ միայն կողմնորոշիչ գներ չի հրապարակում, այլեւ չի պարտադրում դրանք ներմուծողներին: Իսկ քանի որ մեր մաքսային մարմինները պարտադրում են` պետք է ուրեմն դրանք հրապարակեն, կամ գոնե իրենց որոշումները գրավոր հիմնավորեն: Որեւէ տնտեսվարող մինչ այսօր մաքսային աշխատողից գրավոր հիմնավորում չի ստացել, թե ինչ հիմքով է մերժվում գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշումը: Նշենք` մյուս բոլոր մեթոդները պետք է կիրառվեն միայն այն դեպքում, երբ այդ մեթոդը հնարավոր չէ կիրառել: Ինչ վերաբերում է «Սակագների եւ առեւտրի Գլխավոր Համաձայնագրի» կատարված հղմանը` ապա այդ համաձայնագրում հրապարակայնությունը սահմանափակող որեւէ դրույթ չկա: Եվս մեկ հանգամանք։ ՊԵԿ-ը իր պատճառաբանություններում Հայաստանի Հանրապետությունում գործող որեւէ օրենք, որով արգելվում է, կամ սահմանափակվում է հրապարակել ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման ցանկը, հակառակ դրա գործում է Տեղեկատվության ազատության մասին օրենքը,որը պարտավորեցնում է պետական մարմիններին տրամադրել լրատվամիջոցներին կամ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվությունը, հետեւաբար NEWS.am-ը կրկին խնդրում է ՊԵԿ-ին տրամադրել ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման ցանկը, որով մեքենա ներմուծողները պարտավորված են մաքսազերծել մեքենաները, սակայն մինչեւ մեքենա ներկրելը քաղաքացիները հնարավորություն չունեն ծանոթանալու ցանկին։ 

Տպել
Ամենաշատ