Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի եւ եվրոպական հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդումը` նշելով, որ Գերմանիան Եվրոպական միության ամենաշատ ներդրումներ իրականացնող երկիրն է Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածներում:
Պետական հատվածի դեպքում խոսքը վերաբերում է ֆինանսական համակարգին, արդարադատությանը, բնապահպանությանը, տեղական ինքնակառավարմանը, եվրոպական ինտեգրմանը, մասնավոր հատվածի դեպքում` գերմանական կապիտալով շուրջ 80 ձեռնարկության գործունեությանը, որտեղ զարգացման մեծ ներուժ կա. «Մենք կարեւորում ենք Գերմանիայի առանձին երկրամասերի հետ ուղիղ կապերի հաստատումը: Ձեր այցելությունը հնարավորություն կտա ավելի առարկայական պատկերացումներ կազմել համագործակցության հեռանկարների մասին: Համոզված եմ, որ դա բխում է Հայաստանի շահերից, եւ կանենք ամեն ինչ, որ փոխգործակցության համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Յորգ-Ուվե Հանը նշել է, որ Հեսսեն երկրամասը կարող է էական դերակատարություն ունենալ առեւտրատնտեսական կապերի զարգացման գործում:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Գերմանիայի աջակցությունը եվրոպական ինտեգրման գործընթացին: Որպես երկկողմ համագործակցության առաջնահերթություն` կողմերը կարեւորել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացումը եւ փորձի փոխանակումը: Անդրադարձ է եղել նաեւ քիմիական արդյունաբերության ու զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը: Առեւտրատնտեսական կապերի շարունակական զարգացման առումով երկուստեք ընդգծվել է գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Վերակառուցման վարկային բանկի (KfW) միջոցով տրամադրվող տեխնիկական եւ ֆինանսական շարունակական աջակցության վերաբերյալ: